Դատախազները կարող են տապալել Սաղաթելյանի կալանքի դեմ բողոքի քննությունը

 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

Սաղաթելյան

ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի կալանավորման դեմ բողոքն, ինչպես հայտնի է, մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանին: Բողոքի քննության օրը, սակայն, դեռ հայտնի չէ։

Սաղաթելյանի փաստաբան Միհրան Պողոսյանը մտավախություն ունի, որ նիստը կարող է տապալվել։

«Չենք բացառում, որ դատախազությունն ամեն ինչ անի, որ նիստը տապալեն, «արդար դատախազները» չեն գալիս։ Ընդհանրապես, ով առնչվում է այս քրեական գործի հետ, պետք է հասկանա՝ դեռ աշուն չէ, իսկ, ինչպես ասում են, ճտերն աշնանն են հաշվում», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Արա Սաղաթելյանի պաշտպանը։

Նշենք, որ երեկ քննիչը վերացրել էր Արա Սաղաթելյանի տեսակցությունների վրա դրված արգելանքը։ Ընտանիքի անդամները՝ կինն ու որդին, ավելի վաղ չէին կարողացել տեսակցել Արա Սաղաթելյանին. այս որոշումով ընտանիքի անդամները հնարավորություն կունենան տեսակցել նրան։

Հիշեցնենք՝ փետրվարի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմինե Մելիքսեթյանի, բավարարեց ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին կալանավորելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը։

ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել Արա Սաղաթելյանի, վերլուծաբան Կարեն Բեքարյանի, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի, սահմանադրագետ Գոհար Մելոյանի աշխատասենյակներում, առգրավել հեռախոսներ և համակարգիչներ, ապա նրանց բերման ենթարկել:

Անժելա Էլիբեգովան և Գոհար Մելոյանն ազատ էին արձակվել, իսկ Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը, Մհեր Ավագյանը, Արամ Սարգսյանը ձերբակալվել էին։ Մհեր Ավագյանն ու Կարեն Բեքարյանը հետագայում ազատ են արձակվել, Արամ Սարգսյանն ու Արա Սաղաթելյանը՝ կալանավորվել։

ԱԱԾ-ն այս գործի մանրամասների վերաբերյալ հայտարարությամբ էր հանդես եկել::

Արա Սաղաթելյանի փաստաբան Միհրան Պողոսյանը հայտարարել էր, թե Ազգային անվտանգության ծառայությանը հրահանգված է երկրում ծառացած խնդիրները լուծելու փոխարեն բացարձակապես որևէ առնչություն չունեցող մարդկանց վերագրել ինչ-որ ֆեյքերի կողմից էջեր վարելը։

Սաղաթելյանի մյուս փաստաբան Հակոբ Ենոքյանն էլ նշել էր, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքն ինչպես իրավական, այնպես էլ փաստական առումով անհիմն է և որևէ կերպ չփաստարկված։

--00--ԱԹ