Ադրբեջանցիները Կարմիր շուկայով անցնող ճանապարհից ժամանակավորապես օգտվում են․ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

նկար

Ադրբեջանական կողմը կարող է ցանկությունների, առաջարկություների, պահանջների մի ամբողջ ցանկ հրապարակել հայկական տեղեկատվական դաշտը փոթորկելու համար: Կարմիր շուկայով անցնող ճանապարհի՝ ադրբեջանցիների կողմից օգտագործումը գերիների վերադարձի հետ կապելն այդ շարքից է: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանն՝ անդրադառնալով տելեգրամյան ալիքներով տարածվող տեղեկությանը, թե ադրբեջանցիները Կարմիր շուկայի հատվածում պահանջում են համատեղ օգտագործման ճանապարհ՝ փոխարենը խոստանալով 30 ռազմագերու վերադարձ, որին իբր համաձայնել են ԱՀ և ՀՀ իշխանությունները:

«Թեման հերթական անգամ է շրջանառության մեջ դրվում ու հերթական անգամ ստիպված եմ ասել, որ ապատեղեկատվություն է, որը տարածողները շատ լավ գիտեն, որ այսօր էլ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ադրբեջանցիները ժամանակավորապես օգտվում են այդ ճանապարհից: Սակայն դա որևէ կերպ չի կարող նշանակել «համատեղ օգտագործում», քանի որ այդ ճանապարհն ամբողջությամբ պատկանում է Արցախի Հանրապետությանը, և դրա կարգավիճակի փոփոխության հարց պարզապես չի կարող քննարկվել», - ասել է Լուսինե Ավանեսյանը:

Արցախի նախագահի խոսնակը խոսել է նաև Ամարաս այցելող ուխտավորներին ռուս խաղաղապահների կողմից ուղեկցելու վերաբերյալ։ Նա նշել է, որ Ամարասի անվտանգությունն ապահովում է Պաշտպանության բանակը, և վանքը միշտ բաց է բոլոր ուխտավորների համար:

«Թեև Ամարասի վանք ուխտավորները կարող են այցելել առանց ուղեկցության, որովհետև այն գտնվում է մեր վերահսկողության տակ, սակայն առաջնագծին մոտ գտնվելու պատճառով երբեմն ուխտավորների հատկապես մեծ խմբերը նախընտրում են ստանալ լրացուցիչ անվտանգային երաշխիքներ», - ընգծել է Ավանեսյանը:

--00—ԼՄ