Պառակտիչ, սախաթ քայլականներն ու ֆալշ երգող ֆալցետիստ Նիկոլը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News 

1.jpg

Ի՞նչ է իրենից ներկայացնում «քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Գաղափարական առումով՝ ոչինչ: Այն, օտարերկրյա գործակալությունների կողմից ծրագրավորված, սեկտանտային բջիջներից արհեստական բեղմնավորման վաղածին «կուսակցություն» է և, համոզված եմ, վաղամեռիկ էլ կլինի: Այս մարդիկ դրսի ուժերի կողմից հրահանգված «Երթուղու» կատարող-դիսպետչերներ են միայն, ուստի իվիճակի չեն իմաստավորել տնտեսական, սոցիալական, քաղաքական խնդիրները և գտնել հիմնավոր լուծումներ: Մասսաների միջից հատուկ նպատակով ընտրվածների մեծ մասը մարտնչող միջակություններն են, որոնց «մասնագիտական» կամ «քաղաքական» մտքերի անվրդով ապուշությունը պարզապես ապշեցնում է, իսկ ասելիքի բովանդակությունը, դրա ձևակերպումը՝ կարեկցանքի զգացողություն առաջացնում: Քաղաքականապես անփորձ, հիմնականում ինտելեկտից զուրկ, կենսափորձ չունեցող երիտասարդներով անհնար է կառուցել Կազմակերպված, Բանական Պետություն: Այս մարիոնետ պատգամավորները չեն հասկանում, որ իրենք քաղաքական գործիչներ չեն, այլ քաղաքական գործչի դեր խաղացող քաղաքականացված դերասաններ, որոնց ղեկավարում է մի ապաշնորհ, անբարոյական սցենարիստ և բեմադրիչ, ով իր բոլոր բեմադրություններին պլակատային լուծումներ է տալիս: Նրանց մեջ կան հարգալից պահվածքով, պարկեշտ մի բուռ երիտասարդներ: Բայց, հավաքականության մեջ, իբրև կուսակցություն, անընդունելի է դրսևորվող վարքագիծը՝ այլամերժություն, հոխորտանք, հանդուգն ինքնավստահություն, ինչը մի քանիսի վարքագծում հասնում է նողկալիության աստիճանի: Քաղաքականապես չհասունացած այս իշխանությունները չեն հասկանում, որ անհնար է կերտել մեր կյանքը միայն ժխտմամբ և երջանիկ ապրել իրենց առաջարկած սնանկ գաղափարների կեղծ գովվերգության դրախտում, որոնք թույլ չեն տա կառուցել բարեկեցիկ ներքին կյանք, ամուր Պետություն, ինչը հնարավորություն կտար միջազգային հարաբերություններում փոխելու Հայաստանի քաշային կարգը՝ ամենաթեթևագույնից հասցնելով գոնե երկրորդ կիսամիջին կարգի, գրավել մեր կայուն տեղն աշխարհում: Սրանց անսանձ ձգտումն իշխանության, այն ամեն կերպ պահելը, հասցրել է իշխանության դեգրադացիայի, որն անզեն աչքով տեսանելի է, որի հետևանքով էլ ծնվել և ծնվում են առկա բոլոր բացասական երևույթները, անհեթեթությունները, թյուրիմացությունները: Իմքայլականների կողմից հավանության արժանացած կառավարության ամորֆ ծրագրերը երկիրը դարձրել են ամորֆ մի տարածություն, որտեղ կենարար ոչինչ չի կարող տեղի ունենալ: Կենսունակ ծրագրեր իրագործելու համար անհրաժեշտ է, որ երկիրը դառնա դինամիկ պրոցեսների վայր և ոչ թե չիրականացված ծրագրերի գերեզմանոց: Մի՞թե հասկանալի և տեսանելի չէ մեր կյանքի անբնականությունը, զարգացման համաչափ ռիթմի բացակայությունը: Ապաշնորհ ղեկավարման հետևանքով , կյանքի երկչափ տրամաբանության՝ «Ճշմարտության» և «Սխալի» միջև խցկվել է երրորդ տրամաբանությունը՝ «Անորոշությունը»:

Ուստի, 2018-ի գարնանը հուզավառ, հոգևոր վերելքի մեջ գտնվող ժողովուրդն այսօր, երեք տարի անց, տառապում է անելանելիության հոգեխանգարվածությամբ: Ուստի, երրորդ օկտավայում երեք ֆորտե ճղճղացող անվարչունակ Փաշինյանը պետք է հասկանա, որ  «յալանչի-տոլմա»-յական քարոզներով, իր կառավարության՝ մեր երկիրը պատուհասած ծրագրերով, հնարավոր չէ հասնել ընդունելի բարեկեցության: Այդ ամուլ ծրագրերի հետևանքով երկրում առաջացել է անկառավարելի քաոս: Առաջարկված և առաջարկվող «շքեղ» ծրագրերը համեմված «շքեղ» թվերով՝ տասնհինգ միլիարդ ամերիկյան դոլարի ներդրում, ութ միլիարդ դոլարի վերադարձ պետբյուջե, նման է մի ամենագնացի, որն ունի շքեղ դետալներ, բայց հնարավոր չէ դրանք իմի բերել՝ դետալների անհամապատասխանության պատճառով, ստանալու համար այդ ամենագնացը, որը տեղից կշարժվի հաստատուն, անկասելի ընթացքով՝ հիացմունք պատճառելով բոլորիս: Չօգնեց անգամ «կախարդական փայտիկ»-ը, ինչը հովվի կոպալի արժեք անգամ չունեցավ, որը, սակայն, իբրև մահակ ուզում է գործի դնել իր ապօրինի հրամանները չկատարող դատավորների, իր հրաժարականը պահանջող գյուղապետերի, քաղաքապետերի, ընդդիմադիր կուսակցական և անկուսակցական գործիչների դեմ: Իշտահիտ քացա՛խ, արխադաշ Նիկոլ: Կարծես պետությունը շատ փող ունի, հիմա էլ մի քանի միլիարդ են հատկացնում հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու համար: Պարգևավճարներ, հավելավճարներ, եռապատկված աշխատավարձեր… Փաշինյանն ու իմքայլականները երկրում ստեղծել են արտոնյալ կաստա: Սա բացեիբաց թալան է, ծաղր և մարտահրավեր հասարակության չունևոր խավին. ինչ ուզենք կանենք, մեր դեմ խաղ չկա… Փաշինյանն իր թիմով հանեց բարոյականության բոլոր շլյուզները, ջնջեց բարոյական-անբարոյական ըմբռնումների տարբերակման հոգևոր մեխանիզմները, Հայրենիք, Ազգ հասկացությունը: Այս վատ բեմադրված պատերազմը հասցրեց վերջին հարվածը. ոչ միայն խժռեց մեր երիտասարդությանը, հաշմանդամ դարձրեց տասնյակ հազարավորների, այլև հաշմեց մարդկանց հոգիները: Սատանան անգամ անկարող էր այսպես հմուտ պլանավորել պետության կազմաքանդումը, սադրել պատերազմ, որում գերազանցվեց ամբողջ հրեշայինն ու սահմռկեցուցիչը: Բայց կգա օրը՝ իսկ նա հեռու չէ, կդատեն ազգադավներին, մենք կվերհառնենք մոխրակույտից, կբորբոքենք Հայրենիք հասկացության կրակը՝ Բանականությամբ և Ոգով:  Եվ դա կլինի մեր պատմության՝ Ժամանակի ու Տարածության մեջ խաչված ու խոցված պատմության, այն ժամանակահատվածը, որը կկոչվի «Առանցքային ժամանակ»:

Զավեն Վարդանյան

Դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ