Բանակն ու գեներալները դրսևորեցին արժանապատիվ կեցվածք, իսկ նախագահը երկրին տվեց հույս

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն անդրադարձել է նախագահ Արմեն Սարգսյանի՝  ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու Փաշինյանի առաջարկությունը հետ ուղարկելուն ու նշել, որ այդ քայլով Արմեն Սարգսյանը երկրին հույս է տվել։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Եթե անկեղծ, շատ զարմացած եմ։ Ես կարծում էի, որ էլ զարմանալու տեղ չունեմ: Ես մտածում էի, որ բոլորի դիմակներն արդեն պատռված են, իսկ Արմեն Սարգսյանը վերջացած մարդ է։ Բայց արի ու տես, որ սխալվեցի։

Բանակն ու գեներալները դրսևորեցին արժանապատիվ կեցվածք, իսկ Արմեն Սարգսյանն այսօր երկրին տվեց հույս։ Մարդկանց քանակը փողոցում դրա ապացույցն է։ Ամեն ինչ կորած չէ, կա արժանապատվություն, դեռ կա պետություն, որը պաշտպանում է ժողովրդին և ժողովրդի հետ է։ Եվ պետությունն ու ժողովուրդը միասին կարող են լինել։

Ես չգիտեմ, թե ինչու այդպես որոշեց նախագահը, քանզի գիտեմ այն ահռելի ճնշումները, որ կազմակերպել էր ու գործադրում էր վիժվածքն իր դեմ: Ասում են՝ որոշման գլխավոր պատճառը եղել է իր երեկվա հանդիպումը բարձրաստիճան սպայական կազմի հետ։ Նրանք պատմել են, թե ինչ է արել Նիկոլ-Աննա զույգը պատերազմի օրերին։ Ասում են՝ Արմեն Սարգսյանը դուրս է եկել շոկի մեջ։

Յուրաքանչյուրը կարող է ունենալ իր ճշմարտության պահը։ Արմեն Սարգսյանի մոտ, հավանաբար, դա եղել է երեկ։ Հուսով եմ՝ այսօրվա որոշումը կլինի ոչ թե մեկ էպիզոդ, այլ մեկնակետ, որից կսկսվի վիժվածքին իշխանությունից վտարելու գործընթացը. երկիրը փրկելու նոր սկիզբը: Այսօր նախագահի որոշման արդյունքում ավելացած հավատը դրա վկայությունն է»:

--00--ԱՀ