Զուռնաչի Նիկոլն ու դամքյաշների անսամբլը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

1575547661_0_0_1828_1028_600x0_80_0_0_579f26efa54720d9d46b500ebbec06c1.jpg

Մենք փնտրում ենք երկիրը ղեկավարող գործչին, պաշտոնյային այն միջավայրում, որն այսօր գոյություն չունի: Ունենք մի իրավիճակ, որտեղ առկա է վարչապետի, ԱԺ նախագահի, նախարարների, տարբեր ոլորտներ ղեկավարող անձերի ներքին մղումների և զբաղեցրած պաշտոնի միջև եղած անհամապատասխանությունը: Այս իշխանություններն իրենց անճարակ գոյությունը պահում են խորամանկորեն ահաբեկելով ժողովրդին նախկինների վերադարձի ուրվականով, օգտագործելով նրանց նկատմամբ ժողովրդի չմոռացած դժգոհությունները: Սարսափելի է հոգու կուրությունը: Հետաքրքիր է, ինչ պատասխան կլսենք այսօր Փաշինյանին սատարող այն զանգվածից, եթե հիշեցնենք. այ մարդիկ, դուք չ՞էիք, որ վերցնում էիք 5-10000 դրամ և քվեարկում նրանց օգտին, հիմա էլ թթված դեմքով ասում եք՝ էդ նախկինները… 5 կամ 10000-ն ի՞նչ էր, որ հեշտությամբ ծախվում էիք: Բա ձեր նամուսն ու թասիբն ու՞ր էին: Հիմա էլ զուռնաչի Նիկոլի պոչը բռնած նրա դամքյաշն եք դառե՞լ: Հիմա էլ ծախվում եք Նիկոլի, սուտ, չիրականանալի խոստումների՞ն: Չե՛ք խրատվել: Լավ իմացեք, դատ ու դատաստանից հետո սրանց մի մասը նստելու ա, մի մասն էլ երկրից գնալու ա: Դուք էլ սրանց հետ հեռացեք: Ավելի լավ ա մնանք առյուծասիրտ երկու միլիոնով, քան ձեր նման վատասիրտ երկուսուկես միլիոնով: Ոչինչ, հեսա-հեսա Նիկոլին ու Աննային դատելու են ու իրանց նազիր-վեզիրներով տանելու են Նուբարաշենի պալատ ամենապատվավոր հարկում ապրելու, որ վերևից ամեն օր տեսնեն ու սրտները մղկտա, թե ոնց է Հայոց Տունը շենանում:

Ի՞նչն է պատճառը, որ մարդկանց մի հատված սատարում է Փաշինյանին և նրա ուսապարկում տեղավորված, թեկուզ կաղացող, թեկուզ ֆալշ խոսող իմքայլականներին: Եթե Հայրենիք, Ազգ, Մշակույթ, Արժանապատվություն չկրող, կոշիկ ու շոր ներկրող մի խումբ մարդկանց գործը հեշտացվել է, եթե որոշ գյուղերի նույնատիպ մարդկանց պարտեզները ջրելու հարցը հեշտացվել է և այդ պատճառով նրանք սատարում են Փաշինյանին, ապա գիտության, մանկավարժության, արվեստի, բժշկության գործիչների՝ ովքեր վերլուծող միտք ունեն, այն մասը, ովքեր ծածուկ կամ անթաքույց սատարում են Փաշինյանին, հետաքրքիր է, թե ի՞նչ փաստարկներ ունեն: Երանելի ի՞նչ փոփոխություններ եղան: Հոգսը, Կարիքը, Պարտքը, Պակասը այս երեք տարում ավելի խորացան, «մարդիկ պարտքով են ուտում իրենց ավուր հացը», իսկ մասնագետ ոչ մասնագետ մարդիկ հաց են փնտրում՝ վազելով մի աշխատավայրից մյուսը: Ակնհայտ է, որ մեր երկրում բազմահարկային կրիզիս է: Փաշինյանն օրեցօր ավարտին է հասցնում իրեն տրված հանձնարարությունը՝ կաթվածահար անել պետական կառավարման բոլոր ինստիտուտները, փլուզել տնտեսության հիմքերը, կոտրել բանակի ողնաշարը, որից հետո այն այլևս ոչ մի բանի պետք չէ, աղավաղել հասարակական հարաբերությունների համակարգը, քաղաքացիական և գաղափարական ազգային բարձր արժեքների հասկացությունների փոխարեն առաջարկելով՝ բայց չկարողանալով իրագործել, հարմարավետ ապրելաձև: Ազգը վերածել ոչխարի հոտի, որին կառաջնորդի Փաշինյան այծը, աջակից ունենալով խորհրդարանական իմքայլական մեծաքանակ թազիթուլեքին: Հսկողությամբ՝ յոլդաշ, Ալիևի բարեխոսությամբ, թուրք «բարեկրթված», «բարեփոխված» «գորշ գայլերի» ոհմակի բիզիմ Աթայի՝ Էրդողանի: Իսկ էլիտաներին ասենք. դուրս եկեք Նիկոլի կարած, անորակ ու անտեսք շապիկներից: Դուք մի՛տք ունեք: Սի՛րտ էլ ունեք: Միացե՛ք Հայրենիքը սիրող, պաշտող ու կառուցող ուժերին, նույնիսկ առաջնորդե՛ք: Նախկինները նախկին տեսքով չեն կարող գալ, ներկաները հաստատ կգնան: Օգնելու ենք, որ գա երրորդ ուժը, նրանք, ովքեր մտածել գիտեն ու շարժվում են բանականությամբ: Ովքեր կկարողանան ազգի ինտելեկտուալ էներգիան ուղղել անհատի ձևավորմանը, ազգի կրթմանը, հասարակության կայացմանը, որպեսզի փողոցից որևէ մեկը, ինչպես նաև օտարին ծառայողը, չկարողանա նորից հայտնվել երկրի ղեկին, կառավարութոյւնում, Ազգային ժողովում: Այս իշխանությունները, որոնց մեջ, ինչպես պարզվում է, կան բազմաթիվ գործակալներ, ինքնամոռաց նվրիվածությամբ կազմաքանդում են հազարամյակներով կերտված Հայրենիք, Ազգ, Երկիր, Պետություն, Մշակույթ, Պատմություն հասկացողություններն ու գաղափարները, փորձելով մեզ իջեցնել ու հավասարեցնել քոչվոր ցեղերին, հրամցնել եվրոպական ապրելակերպի անբնական ու դառնահամ կոկտեյլ հիշեցնող կյանքը, որտեղ իրավունքը հավասարեցված է՝ «ինչ ուզում եմ», «ինչպես ուզում եմ», «որտեղ ուզում եմ» անասնական բնազդին, որտեղ ազատությունը հավասարեցված է անմտության հետ, իսկ մեզանում այդ բոլորն իրար հետ հասնում է գյադայականության ազատության, դու՛ք, մեր հրաշալի տաղանդավոր ռեժիսորներ, դերասաններ, երաժիշտներ, բուհեր, դասախոսներ լռում եք: Ինչ՞ու: Մի վերածվեք այս անբովանդակ «գործիչներին» անհիմն գովերգող աշուղների, փառաբանող կեղծ հռետորների: Փաշինյանը չի կրում որևէ արժեհամակարգ: Նա ակնհայտ նիհիլիստ է: Փաշինյանը չարի մարմնացումն է ու տարածողը: Փաշինյանի՝ ժողովրդի մի հատվածի մեջ միայն խոստումների վրա հիմնված, «փրկչի» համբավը պետք է հետևողականորեն խարխլել: Նա, իրականում, այն փորձիչ-սատանան է, ով վարպետորեն կարողանում է ցիտել պետականաշինության և դատաիրավական կոդեքսներից՝ մեծ տպավորություն թողնելով ֆանատիկ, իրականությունը վերլուծելու և հասկանալու անընդունակ մոլորյալ հոտի վրա. կաշառակերությու՜ն, արմատախիլ անե՜լ, մինչև վերջին կոպեկը՜, նախկիննե՜ր, գողե՜ր, վրե՜ժ, վնգստացողնե՜ր, փողերի վերադա՜րձ, ներդրումնե՜ր… Սի՛ն խոսքեր, դատա՛րկ մտքեր, անհա՛մ կատակներ, բաղձալին իբրև կայացած իրողություն ներկայացնելու փորձե՛ր:

 

Զավեն Վարդանյան

Դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ