ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը Բոբ Մենենդեսին է ներկայացրել ՀՀ-ում ներքաղաքական զարգացումները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

դեսպան

Փետրվարի 25-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հեռախոսազրույց է ունեցել սենատոր Բոբ Մենենդեսի հետ: Դեսպանը շնորհավորել է սենատոր Մենենդեսին՝ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Զրույցի ընթացքում դեսպան Ներսեսյանը ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը և կարևորել դրանց հաղթահարմանն նպատակով միջազգային հանրության, այդ թվում՝ ԱՄՆ ներգրավվածությունը:

Դեսպան Ներսեսյանը սենատորի ուշադրությանը հրավիրել է հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց խնդիրը և երկուստեք ընդգծել նրանց անհապաղ հայրենադարձման ուղղությամբ անրաժեշտ միջոցներ ձեռնարկելու կարևորությունը։

Սենատորի խնդրանքով Վարուժան Ներսեսյանը ներկայացրել է Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումների հետ կապված իրավիճակը։

 --00—ՄՀ