Դատարանը պարզում է, թե ինչու էր նիստից բացակայում Արմեն Գևորգյանի փաստաբանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News 

նիստ

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով այսօրվա նիստն ընդմիջվեց սկսվելուց անմիջապես հետո։ Հայտարարված 20 րոպեանոց ընդմիջման ընթացքում դատարանը պետք է պարզի նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի բացակայության պատճառները և նրա՝ նիստին ներկայանալու հնարավորությունը։

Դատական նիստից առաջ դատարանն ստացել է Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը նիստը հետաձգելու վերաբերյալ, քանի որ պետք է ներկա գտնվի Վերաքննիչ քրեական դատարանում քննվող մեկ այլ գործով այսօր նշանակված նիստին։ Դանիբեկյանը նաև նշեց, որ դատարանի աշխատակազմը Վերաքննիչ դատարանից տեղեկացել է, որ տվյալ գործով նիստը սկսվելուց անմիջապես հետո հետաձգվել է, որպես հետաձգման պատճառ նշված է «այլ հիմք»։  

Նախորդ լսումների ժամանակ Էրիկ Ալեքսանյանը տեղեկացրել է դատավոր Դանիբեկյանին Վերաքննիչ դատարանում այսօր նշանակված նիստի մասին և խնդրել նիստ չնշանակել փետրվարի 23-ին։ Սակայն դատավորն անտեսել է փաստաբանի խնդրանքը, նշելով, որ Ալեքսանյանին հայտնի է, որ սույն գործով դատական նիստերը տեղի են ունենում երեքշաբթի օրերին, և կարող էր նման խնդրանքով դիմել Վերաքննիչ դատարան։ Դանիբեկյանը նաև զգուշացրեց, որ Ալեքսանյանի բացակայությունը կդիտվի որպես դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունք։

 --00—ՄՀ