Ինչո՞ւ մինչև պատերազմը պահեստավորված զրահաբաճկոն չենք ունեցել, դա է հարցը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

Ազգային ժողովի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, որն օրերս է վերադարձել Արցախից, ասում է, որ արցախցիների համար այսօր թիվ մեկ հարցն անհետ կորածների որոնողական աշխատանքներն են: 24News-ի հետ զրույցում անդրադառնալով հանգամանքին, որ որոնողական աշխատանքներն ադրբեջանական կողմի արգելքի պատճառով դադարեցվել են, նշեց. «Ադրբեջանցիներն ասում են, որ եղած աճյունները դուրս են բերվել, հետևաբար՝ էլ իմաստ չունի անհետ կորածների փնտրտուքով զբաղվել: Բայց մենք ամեն բան պետք է անենք, բանակցենք, որ աշխատանքները շարունակվեն, քանի որ դեռ չդիտարկված վայրեր կան»:

Ինչ վերաբերում է Արցախի ներքին կյանքին, ապա մեր զրուցակիցն ասում է, որ այստեղ մարդկանց սոցիալական հարցերն են հետաքրքրում: Արցախում նախագահի հրաժարականի հարցն, ընդգծում է, օրակարգային չէ:

Խոսելով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցից ու դրանում առաջ քաշված թեզերից, մասնավորապես՝ «2018-ին հակաղարաբաղյան շարժում է եղել» ու «պատերազմի ժամանակ զրահաբաճկոնները 600 եվրոյով են գնել», պատգամավոր Հովսեփյանը մեկնաբանում է. «2018-ը, իբրև թե, նոր մեկնակետի սկիզբ էր, այլ ոչ թե հակաղարաբաղյան շարժում: Ուղղակի տեսանք, որ այդ «մեկնակետից» հետո չվերլուծված, չհաշվարկված քայլեր եղան: Ինչ վերաբերում է զրահաբաճկոններին, ապա հարց է՝ ինչո՞ւ մինչև պատերազմը պահեստավորված զրահաբաճկոն չենք ունեցել: Բացարձակ անլուրջ ու շատ փնթի վերաբերմունք է ցուցաբերվել բանակի նկատմամբ»:

Մանրամասները՝ տեսանյութում

--0--ԿԿ