«Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով ձերբակալված Մհեր Ավագյանն ազատ արձակվեց

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 21,  24News  

ֆեյք

«Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով ձերբակալված Մհեր Ավագյանն ազատ արձակվեց։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, ոչ իրավաչափ է ճանաչել Մհեր Ավագյանին ձերբակալելու մասին ԱԱԾ քննիչի որոշումը՝ բավարարելով պաշտպանի բողոքը։ Դատարանը միևնույն ժամանակ մերժել է Ավագյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ պաշտպան Միքայել Շխիմյանից։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԱԱԾ ծառայողները փետրվարի 19-ին խուզարկություն են իրականացրել Արա Սաղաթելյանի, վերլուծաբան Կարեն Բեքարյանի, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի, սահմանադրագետ Գոհար Մելոյանի աշխատասենյակներում, առգրավել հեռախոսներ և համակարգիչներ, ապա նրանց բերման ենթարկել: Անժելա Էլիբեգովան և Գոհար Մելոյանն ազատ են արձակվել՝ հրաժարվելով ցուցմունք տալուց, իսկ Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը, քաղաքացիներ Մհեր Ավագյանը, Արամ Լ. Սարգսյանը ձերբակալվել են։ Նրանց ձերբակալման իրավաչափության հարցը վիճարկել են դատական կարգով, սակայն մինչ դատարանում կքննարկվեր բողոքները, վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել նրանց՝ այսպես կոչված «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով ու կալանավորելու միջնորդություն ներկայացրել դատարան: Արամ Սարգսյաննը կալանավորվել է:

Ավագյանի փաստաբանի դիտարկմամբ՝ մեղադրանքը մեծ հեքիաթի է նման, Ավագյանն այն ամբողջությամբ չի ընդունում։ Նրա խոսքով՝ մեղադրանքում առկա չէ մեղքի անհատականացում, որևէ կերպ չի երևում, թե կոնկրետ որ անձն ինչ է արել, որ ստատուսն է գրել, ի վերջո, օգտատիրոջ գրառումներն առերևույթ հանցագործության տարրեր չեն պարունակում, առկա չէ, թե որ գրառումներն են իրենց մեղսագրվում։

--00—ՄՀ