Արմեն Սարգսյանն Ամուլսարում մաս չունի, իսկ թուրք-ադրբեջանական կապիտալից խոսելն անհեթեթ է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

Ամերիկագետ, «Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի» ղեկավար Սուրեն Սարգսյանը 24TV-ի տաղավարում հարցազրույց է անցկացրել «Լիդիան Կանադա Վենչրս» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ջեֆֆրի Քոուչի հետ։

- Ջեֆ, շնորհակալություն մեզ կրկին միանալու համար, արդեն շատ ժամանակ էր անցել մեր վերջին հանդիպումից: Եվ քանի որ արդեն այստեղ եք, Երևանում, կխնդրեմ հակիրճ պատմել, թե ինչ նորություններ կան:

- Իհարկե, շնորհակալություն հրավիրելու համար: Արդեն երեք շաբաթից ավել է այստեղ եմ, եղանակը լավն է, սակայն ասում են կրկին ձյուն է տեղալու: Դժբախտաբար, մեզ համար: Պետք է վերադառնամ Լոնդոն, այնտեղ շատ ցուրտ է: 

Կրկին շնորհակալ եմ հրավիրելու համար: Մենք երեք բավականին արդյունավետ շաբաթներ անցկացրեցինք կառավարության հետ, և սոցիալական լիցենզիայի առկայության և կառավարության ու պետության ցանկության դեպքում պլանավորում ենք, շինարարությունը սկսել այս ամռանը: Դա պլանավորված ժամկետն է: Ներդրման ծավալը չի փոխվել, և որպեսզի հանքը սկսի աշխատել պետք կլինի 18 ամիս: Պլանավորում ենք ավելի քան հազար աշխատատեղ բացել շինարարության փուլում, որոնցից 95%-ը Հայաստանի քաղաքացիների համար, իսկ մնացածը օտարերկրյա մասնագետներ, փորձագետներ։ Սակայն հիմնական աշխատուժն իրապես ապահովելու են հանքի հարակից և Հայաստանի այլ համայնքների բնակիչները: Այդպես է պլանավորված: 

Իսկ հետո, երբ հանքը սկսի աշխատել, 18 ամիս անց, տարեկան արտադրելով 225,000 ունցիա ոսկի , մենք կունենանք մոտ 750 ամբողջ դրույքով աշխատակից և այդ թիվը, շատ կարևոր է, որը չի ընդգրկում հանքի գործունեությունն ապահովող բոլոր երկրորդային սպասարկման բիզնեսները, այսինքն մատակարարումը, տեղական ռեստորաններն ու հացի արտադրությունները, բժշկական հաստատությունները և մնացած այլ սպասարկման ոլորտները :

Այսինքն երբ ցանկացած համայնքում ավելանում է 750 աշխատատեղ, առաջանում են բազմաթիվ նոր բիզնեսներ: Մենք այժմ սերտորեն համագործակցում ենք Ձեր կառավարության հետ համապատասխան սոցիալական կառուցվածքը ձևավորելու նպատակով, դա նշանակում է, շատ պարզ ձևակերպմամբ՝ մեր հանձնառությունները համայնքների առջև ճանապարհների, դպրոցների և, ուղիղ կանխիկ միջոցների տրամադրման տեսանկյունից տեղական համայնքներին և երկրին: Կարծում եմ հասկանալի է, որ մենք վճարելու ենք հարկեր և ռոյալթիներ, ինչպես բնական ռեսուրսներ արդյունահանող ցանկացած ընկերություն կվճարեր հանքարդյունաբերություն ունեցող երկրներում:

Իսկ ռոյալթիների չափը մեզ համար նշանակալի գումար է կազմում՝ մեր եկամտի 10%-ը, ինչը շատ բարձր է, կարելի է ասել աշխարհում ամենաբարձրներից մեկը: Մինչև այստեղ գալը, երեկ մինչև ուշ երեկո ես աշխատել եմ թիմի հետ, փորձելով որոշ թվեր ճշտել, և կարևոր է նշել, որ յուրաքանչյուր մեկ դոլարի համար մենք փաստորեն վճարելու ենք 40-50 ցենտ որպես ուղիղ հարկեր, ռոյալթիներ կամ աշխատավարձ: 

-Շատ լավ: Բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանում մեր վերջին հանդիպումից հետո: Խոսքս նաև սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին տեղի ունեցած պատերազմի մասին է: Հետևաբար, կարո՞ղ եք նշել, թե ինչպես են փոխվել Լիդիանի ներդրողների մտադրությունները: Մտափոխվե՞լ են:

-Մենք ասում ենք. «այդ տեղեկատվությունը իմ աշխատավարձից բարձր է»: Կարծում եմ հասկանալի է: Իհարկե, չափազանց ծանր տարի էր երկրի համար և մենք շատ էինք մտահոգված Հայաստանի դրությամբ: Ամբողջ աշխարհն էր ծանր կացության մեջ, սակայն Հայաստանում վիճակն առավել ծանր էր: Հակամարտությունը կարծես կարգավորվեց, իսկ օտարերկրյա ներդրողներին անհրաժեշտ է անվտանգություն և կայունություն երկրում: Ես կարծում եմ դրանք այժմ քիչ թե շատ ապահովված են, առանց թերագնահատելու պատերազմի դաժան հետևանքներն ու ճգնաժամներով լի տարին բոլորիդ համար: 

Կարծում եմ այժմ պետությունը պետք է վերակազմակերպվի, կենտրոնանա աշխատանքի վրա, քանի որ այն առաջնահերթ է բոլոր հասարակությունների համար: Երկրի համար իրապես շատ ծանր ժամանակաշրջան էր, որի պատճառով չկարողացանք առաջընթաց գրանցել, սակայն այժմ կարծում ենք, որ երկիրում կայունություն կա: Մենք համագործակցում ենք Ձեր կառավարության հետ և հուսով ենք, որ կայունությունը կպահպանվի: Կարևոր է, որ եթե կարողանանք ընթացք տալ այս ներդրմանը, որը կազմում է 150-200 միլիոն ԱՄՆ դոլար և ուղղվելու է հանքի կառուցմանն այս պահից սկսած 18 ամսվա ընթացքում, ապա, կարծում եմ կլինեն նաև այլ օտարերկրյա ներդրումներ:

Քանի որ ծրագիրն իսկապես օրինակելի է ամբողջ աշխարհի համար և հանքարդյունաբերության ոլորտի համար մասնավորապես, և հայտնի հանգամանքներից ելնելով արժանացել է հատուկ ուշադրության, ապա կարծում եմ հայկական սփյուռքը և այլ երկրները այժմ այն տեսնում են որպես ներդրման հնարավորություն, համատեղ այլ ենթակառուցվածքային ծրագրերի հետ, խոսքս միայն հանքարդյունաբերության մասին չէ:

- Հայաստանի հասարակությունն ունի որոշ մտահոգություններ կապված ներդրողների հետ: Ովքե՞ր են նրանք, որտեղի՞ց են: Ասեկոսներ կան: Հատկապես պատերազմից հետո լուրեր են տարածվում, որ որոշ ներդրողներ կարող են լինել Թուրիքայից կամ Ադրբեջանից, կամ՝ արդեն կան: Ի՞նչ կասեք:

-Բացարձակ անհեթեթություն: Հանքի սեփականատերերի մասին տեղեկատվությունը հրապարակային է, և ցանկացած մարդ կարող է այդ տեղեկատվությունը տեսնել համացանցում: Ինչպես նշեցի նախորդ հարցազրույցի ժամանակ, մենք դժբախտաբար այլևս Տորոնտոյի բորսայում ցուցակված չենք, այսինքն այլևս բաց բաժնետիրական ընկերություն չենք: Ճանապարհների շրջափակման հետևանքով ընկերությունը ֆինանսական խնդիրներ ունեցավ: Այսինքն, Տորոնտոյի բորսայում այլևս ցուցակված չէ և հիմա պատկանում է ամերիկյան մասնավոր ընկերության` որը ես ներկայացնում եմ և Տորոնտոյի բորսայում ցուցակված հանքարդյունաբերական «Օսիսկո» ընկերությանը: Այսինքն՝ «Օրիոն» և «Օսիսկո» ընկերություններին:

«Օրիոնը» խոշոր մասնավոր կապիտալով ընկերություն է, որը զբաղվում է միայն հանքարդյունաբերությամբ և պատկանում ԱՄՆ նահագներին, առանձին ներդրողներին և համալսարաններին, օրինակ՝ հայկական սփյուռքի կենտրոն Կալիֆորնիայի համալսարանին, որը ներդրողներից մեկն է:

«Օսիսկո»-ն նույնպես ցուցակված է Տորոնտոյի բորսայում: Ահա սրանք են երկու սեփականատերերը: Այլ ներդրողներ չկան, չկան թուրք կամ այլ ներդրողներ: Մենք ունենք պարտք տեղական մի քանի բանկերին և վերջ, այլ ներդրողներ, բացի «Օրիոն» և «Օսիսկո» ընկերություններից չկան: Կարող եմ թեև նշել, որ ծրագրի իրականացման ընթացքում մենք փորձելու ենք ներգրավել մեկ այլ խոշոր հանքարդյունաբերական ընկերության, որպես գործընկեր, քանզի մենք խոսք ենք տվել Ձեր վարչապետին և նախարարներին, որ ապահովելու ենք հանքարդյունաբերության ամենաբարձր ստանդարտների իրականացումը երկրում և այդ նպատակով ներգրավելու ենք մեկ այլ խոշոր հանքարդյունաբերական ընկերության: Այն լինելու է ոլորտում մեծ փորձ ունեցող ընկերություն, որը կունենա մշակված աշխատանքային պլանի իրականացման կարողություն: 

- Իսկ կառավարությունն ի՞նչ պլաններ ունի: Ընդառաջ գնու՞մ են, թե դեռ երկմտում են:

- Կարծում եմ ընդառաջ են գնում:

- Լավ, քանի որ Հայաստանի իշխանությունների մասին սկսեցինք խոսել, թույլ տվեք ևս մեկ հարց տալ:

- Իհարկե:

- Լուրեր կան, որ Հայաստանի նախագահը մասնաբաժին ունի: Այդ մասին ի՞նչ կասեք:

- Ոչ, նա չունի: Ի դեպ, երկուսս էլ Լոնդոնում ենք ապրել, սակայն չենք հանդիպել: Նա հաճախ է լինում Լոնդոնում: Նա ընկերության խորհրդի անդամ է եղել, երբ ընկերությունը դեռ ցուցակված էր, մինչև իմ մասնակցությունը, այսինքն մինչև այն պահը, երբ ընկերության սեփականատերերը դարձել են «Օրիոն» և «Օսիսկո» ընկերությունները: 

- Շատ լավ: Ի՞նչ եք պլանավորում անել: Խոսենք Ձեր պլանների մասին: Ի՞նչ պոտենցիալ ներդրողներ կամ ներդրումներ են սպասվում: 

- Կարծում եմ արդեն նշեցի հիմնական պլանները: Կրկին, առաջին հերթին ավարտել շինարարությունը 18 ամսվա ընթացքում և սկսել հանքի շահագործումը: Այսինքն, շատ մեծ աշխատանք է սպասվում տեղական համայնքների հետ, մեծ աշխատանք է սպասվում կառավարության հետ պայմանների ու կառուցվածքի հաստատման ուղղությամբ, ինչպես նաև այն մասով, թե ինչպես ենք այդ միջոցները ներմուծելու երկիր և ինչպես են դրանք հատկացվելու: Իսկ հետո մենք պարզապես բազմաթիվ մարդկանց ներգրավելու ենք աշխատանքում. հազար մարդ աշխատանք կստանա, կլինեն նաև ենթակապալառուներ, 18  ամսվա ընթցաքում հանքի շինարարությունն ավարտելու համար ծավալուն գործ պետք է արվի, իհարկե տեղական համայնքների և կառավարության աջակցությամբ և բարձր թափանցիկություն ապահովելով:

- Խնդրում եմ, պատմեք համայնքների հետ Ձեր հարաբերությունների մասին: Անցած երեք տարին շատ դժվար են եղել կարծեմ: 

- Գիտեք, մտածելու շատ բան դեռ ունենք և ես պետք է վերադառնամ հինգ րոպե առաջ ասածիս: Մարդիկ պարզապես աշխատանքի կարիք ունեն և քանի որ տարին իսկապես ծանր էր, մարդկանց անհրաժեշտ է տնտեսական զարգացման ինչ որ մակարդակ: Չգիտեմ, թե որտեղ մարդիկ կուզեն աշխատել. տեղի հացի արտադրությունում կամ մեքենաների պարկում, կամ շինարարական ընկերությունում, հանքի տարածքում կամ այն բժշկական հաստատությունում, որը հոգ է տանում հանքի աշխատակիցների առողջության մասին, չգիտեմ: Սակայն, կարող եմ ասել, որ տեղական համայնքների հետ համագործակցությունը ենթադրում է աշխատատեղեր: Ենթադրում եմ, որ մարդիկ նաև ակնկալում են լավ դպրոցներ ունենալ իրենց երեխաների համար, լավ հիվանդանոց, համայնքային զբոսայգի և շրջակա միջավայրի պահպանության բարձր ստանդարտներ: Այս ամենը մենք քննարկել ենք վերջին մի քանի շաբաթների ու ամիսների ընթացքում և պատրաստ ենք հպարտորեն տրամադրել և ծառայեցնել բարի նպատակներին:

- Եվ, հավանաբար, վարջին հարցը. ի՞նչ կասեք Հայաստանի հեղինակության մասին, ներդրումային միջավայրի տեսանկյունից՝ հաշվի առնելով Լիդիանի խնդրի առկայությունը և այն, որ դեռ լուծում չի տրվել: 

- Կարող եմ կրկնել, շատ անկեղծ: Ես ծագումով բրիտանացի եմ և կանադացի, և վերջին վեց ամիսներից երկուսն անցկացրել եմ Հայաստանում: Երկիրը շատ եմ հավանում, ինչպես և հայերին և սփյուռքահայերին: Կարծում եմ շատ հմուտ, փորձառու ու խելացի ազգ են հայերը, շատ հպարտ ազգ են և իրավունք ունեն այդպիսին լինելու:

Ես էլ շատ հպարտ եմ, որ մասնակցելու եմ այստեղ իրականացվող ծրագրին: Եվ պատասխանելով Ձեր հարցին՝ կարող եմ ասել հետևյալը. եթե կարողանանք այս ծրագիրն իրականացնել, ապահովել խիստ բնապահպանական ստանդարտներ, աշխատանքի որակյալ պայմաններ ու արդյունավետ համագործակցություն հարկային մարմինների հետ, ապա այս երկիրը կնկատի ենթակառուցվածքային միջոցների ավելացում և, դրա արդյունքում՝ ավելի մեծ ուշադրություն միջազգային կազմակերպությունների կողմից: Հուսով եմ, պատասխանեցի Ձեր հարցին: Ավելի ճիշտ, պատճառ չեմ տեսնում այդ ամենը չանելու: Այսինքն երկիրն ունի այդ հնարավորությունից օգտվելու իրավունք և անկախ նրանից դա կլինի ռուսական ներդրմամբ, գերմանական, շվեյցարական, թե ամերիկյան, ինչպես ասում ենք. «արժե դա անել», այս երկիրը կարող է ունենալ նոր ներդրումներ, ստեղծել նոր աշխատատեղեր և զարգանալ:

- Այսինքն դա է հիմնական օգուտը Հայաստանի և հայկական հասարակության համար:

- Հիմնական օգուտը արտահայտվում է նշվածս թվերով: 

- Ինչը պակաս կարևոր չէ:

- Կարծում եմ հիմնական օգուտն այն է, որ հանքի գործունեության ընթացքում, ինչը 11 տարուց քիչ ավել է և բավականին երկար ժամանակ է, 452 միլիոն ԱՄՆ դոլար վճարվելու է միայն ռոյալթիների տեսքով, եթե ոսկու գինը 1600 լինի, իսկ ոսկու գինն արդեն 1900 է, այսինքն խոսքը մոտ 500 միլիոն ԱՄՆ դոլարի մասին է միայն որպես ռոյալթիներ, այսինքն կանխիկ վճարումներ բյուջե, դրան էլ գումարենք 350 ԱՄՆ միլիոն դոլար կազմող հարկերը.., մոտ 1 միլիարդ ԱՄՆ դոլար, հաջորդ 11 տարվա ընթացքում:

Ահա, այսպիսին են փաստացի թվերը և դրանք հրապարակված են: Այսինքն, մոտ 1 միլիարդ ԱՄՆ դոլար թողնում ենք համայնքներում և երկրում, 10-11 տարվա ընթացքում: Դա նշանակալի ներդրում է:

- Իսկ այլ թվեր կա՞ն, որ կցանկանաք մեզ ներկայացնել, թե՞ հիմնականը դրանք էին:

- Այս թվերը հաշվարկված էին, կրկնեմ, այն պայմաններում, երբ ոսկու գինը կազմում էր 1600 ԱՄՆ դոլար: Եթե հանքը հիմա աշխատեր, ապա այդ գումարներն ավելի բարձր կլինեին, քանզի ոսկու գինն այսօր 1900 է: Կարող եմ վերջում ասել, որ վերջին երկու տարիների ընթացքում մենք կարողացել ենք պահպանել ծրագրի իրականացման տարածքը շրջակա միջավայրի ամենախիստ ստանդարտներով, ինչը հաստատել են աշխարհի լավագույն փորձագետները, որպեսզի համոզված լինենք, որ երբ հանքում սկսվի շինարարությունը, կկիրառվեն անվտանգության և շրջակա միջավայրի պահպանության ամենաբարձր ստանդարտները: Դրանից բացի, մենք կառավարության հետ քննարկել ենք համապատասխանության ապահովման համակողմանի մի գործընթաց՝ կառավարության, համայնքների և ընկերության ներգրավմամբ: 

- Այսինքն՝ Դուք լավատես եք և կարծում եք, որ կառավարությունը կօգնի Ձեզ սկսել աշխատանքը:

- Մենք չենք կարող աշխատել առանց համայնքների ու կառավարության աջակցության, այսինքն՝ բնական ռեսուրսների օգտագործման ծրագրեր առանց երկրի աջակցության իրականացնել հնարավոր չէ: 

- Շատ լավ, շնորհակալություն։ 

--0--ԿԿ