Այսօր Բուն Բարեկենդանի օրն է

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 14,  24News

բարեկենդան

Այսօր Բուն Բարեկենդանի օրն է: Բարեկենդանին թույլատրվում են չափավոր վայելքներ, խրախճանքներ, խաղեր և ուտեստներ` ի հետևություն Եղիային ուղղված հրեշտակի խոսքի. «Ելիր, կեր, որովհետև երկար ճանապարհ ես գնալու» (Թագ. 19:7): Բարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք:

Մեծ պահքի բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում է ամենաերկար պահքին: Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Այն նաև դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները, բացառությամբ բարու և չարի գիտության ծառի պտղից, որը պահքի  խորհրդանիշն է: Բարեկենդանն առաքինությունների արտահայտություն է: Այդ օրը մարդիկ սգից անցնում են ուրախության, չարչարանքից` խաղաղության: Այս ընկալմամբ է, որ յուրաքանչյուր քրիստոնյա հոգու խոնարհումով, ապաշխարությամբ, պահքով և ողորմության հույսով  սկսում է Մեծ պահքի ճանապարհը: Այն տևում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության՝ Զատիկի տոնը:

Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք: Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու անօգուտ է: «Լեռան քարոզում» Քրիստոս պահքի մասին ասում է. «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսներն այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում, ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը, այսինքն՝ մարդկանց երևալը և նրանցից գովվելը: Այլ երբ դու ծոմ պահես, օծի քո գլուխը և լվա քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց ծոմ պահող, այլ քո Հորը՝ գաղտնաբար, և քո հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ» (Մատթ. 6:16-18):

--00--ԱԹ