Ոստիկանություն բերման ենթարկված տղամարդը մի քանի օրվա ընթացքում 5 գրպանահատություն էր արել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

Փետրվարի 10-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցների մասնագիտական հմտության շնորհիվ գրպանահատության հինգ դեպք բացահայտվեց: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Առաջին դեպքը ոստիկանության Նոր Նորքի բաժնում գրանցվել էր փետրվարի 4-ին: Մի կին հաղորդում էր տվել, որ փետրվարի 2-ին միկրոավտոբուսում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել էր փող ու նույնականացման քարտ:

Մյուս չորս դեպքերը փետրվարի 5-ից 10-ը Արաբկիր վարչական տարածքում էին կատարվել:
Փետրվարի 5-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում գրպանահատության երկու դեպք էր գրանցվել։ Ժամը 15.30-ի սահմաններում օպերատիվ կառավարման կենտրոնից հայտնել էին, որ Կոմիտասի պողոտայում մի աղջիկ նկատել էր, որ պայուսակից գողացել են բջջային հեռախոսը, ժամը 17-ի սահմաններում էլ թիվ 47 երթուղու ավտոբուսում մի ուղևորուհու պայուսակից դրամապանակ էին հափշտակել։

Փետրվարի 6-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ երկու օր առաջ թիվ 256 երթուղու միկրոավտոբուսում մի աղջկա գրպանից բջջային հեռախոս էին գողացել։ Գրպանահատության 5-րդ դեպքը փետրվարի 10-ին էր կատարվել. թիվ 47 երթուղու միկրոավտոբուսում մի տղամարդու գրպանից գողացել էին ծխախոտն ու բջջային հեռախոսը։

Ոստիկանության Նոր Նորքի և Արաբկիրի բաժինների ծառայողները գողությունները բացահայտելու ուղղությամբ որոնողական աշխատանքներ իրականացրին։ Նրանց միացան ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները: Հետևողական աշխատանքի շնորհիվ տեղեկություններ ստացվեցին, որ գողությունները հնարավոր է կատարած լինի Վանաձոր քաղաքի 50-ամյա մի բնակիչ։ Նույն օրը նա Կասյան փողոցից բերման ենթարկվեց ոստիկանության Արաբկիրի բաժին և տվեց խոստովանական բացատրություն:

Վերջին հանցադրվագի գողոնը հայտնաբերվել է։ Հանգամանքները պարզվում են։ Նախապատրաստվում են նյութեր:

--00--ԱԹ