Կարեն Բեքարյան. Հասարակությունը սովորում է նրան, որ կարող է չունենալ պետություն․«Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

․

«Հրապարակ» թերթը գրում է. ««Այն, ինչ կատարվում է Հա­յաստանում, աբսուրդի ժանրից կարող էր լինել մինչև նոյեմբերի 10-ը, բայց Հայաստանում այլևս ոչ ոք ոչ մի բանից չի զարմա­նում: Չի զարմանում, երբ նոյեմբերի 10-ի փաստաթուղթը ստորագրած Նիկոլ Փաշինյանն ասում է՝ բանավոր պայմանավորվածություններ են կա­յացվել, հետո՝ դրանից 3 ամիս անց, Հրանտ Բագրատյանի գրառումից հայտնի է դառնում, և փոխվարչապետը ստիպված է լինում ԱԺ հարցուպատասխանի ժամանակ խոստովանել, որ «Ադրբեջանի հետ կա ևս մեկ պայմանավորվածություն՝ Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհահատվածի մասով»:

Փաստորեն, իշխանությունը ստել է, թե նոյեմբերի 10-ի և հունվարի 11-ի հայտարարություններից բացի այլ գրավոր պայմանավորվածություն չկա: Ստացվում է՝ հասարակությունն ու քաղաքական ուժերն արդեն լավ էլ ադապտացվել են վարչախմբի ստե­րին, քանզի Ավինյանի այս հայտարա­րությունն էլ երեկ երկրաշարժ չարեց: Մինչդեռ նախկինում 800 հեկտա­րի կորստի համար ՊՊԾ գունդ էին գրավում, ապստամբություն անում (նաև դրա, իսկ հիմա որևէ լուրջ իրա­դարձություն տեղի չի ունենում, շատ- շատ՝ զարմանում են, որ զարմանում են): Հանուն ճշմարտության ասենք, որ մի քանի հայհոյախառն գրառում արվեց և վերջ, և գրողները չեն բա­ցառում, որ կան էլի պայմանավորվա­ծություններ, որովհետև ոչ ոք չգիտի, թե ինչ են բանակցում Մոսկվայում, ինչ են բանակցում Բաքվի հետ:

Մենք զրուցել ենք նախկին պատգամավոր, ԱԺ արտաքին հա­րաբերությունների հանձնաժողովի նախկին անդամ Կարեն Բեքարյանի հետ: «Մենք գործ ունենք բացառիկ խայտառակության հետ, որն առաջին դեպքը չէ, երկրորդը չէ, երրորդը չէ: Դա բացառիկ խայտառակություն է՝ բոլոր տեսանկյուններից, քաղաքա­կան, իրավական, բարոյական: Բոլոր իմաստներով սա բացառիկ խայտա­ռակություն է և, իհարկե, մյուս կողմից էլ սա մեկ անգամ ևս ինքնախոստովանական ցուցմունք է հետագայի համար՝ իրավական գործընթացների տեսանկյունից»:

Ինչ վերաբերում է քաղաքական ուժերին, ապա Բեքարյանն արձա­նագրում է. «Եթե քաղաքական ուժե­րը, մեկը՝ արագ, մյուսը՝ դանդաղ, մյուսը՝ հապճեպ, մյուսը՝ խորքային, եթե ոչ ուղղակի, բայց անուղղակի, հանդես է գալիս գոնե ինչ-որ դեմքերի ու ներկայացուցիչների անունից: Ինչ վե­րաբերում է հասարակությանը, ապա ցավով արձանագրում եմ, որ հասարակությունը սովորում է նրան, որ կարող է չունենալ պետական իշխանություն և չունենալ պետություն»: Նա ասում է՝ սա ցավով եմ նշում, բայց սրան ուրիշ անուն տալ ուղղակի չեմ կարող:

Լավ, ենթադրենք՝ հետագայում իրավական գործընթացներ կլինեն, բայց չէ՞ որ այսօր են ՀՀ սահմանները շագրենի կաշվի նման փոքրանում: Եվ այս պայմաններում ո՞վ պետք է բռնի այդ ձեռքը, որը գրավոր կամ բանավոր պայմանավորվում է: Կարեն Բեքարյանն ասաց. «Եթե մենք ապրեինք իրավական պետության մեջ, այս գործընթացները կասեցնելու իրավական մեխանիզմներ պիտի աշխա­տեին: Բայց շատ լավ պատկերացնում եք, որ այսօր այդպես որևէ կերպ անվանվել չենք կարող, հետևաբար՝ առաջանում է հանրության արձագանքի խնդիրը, որքանով իրական է, որքանով՝ ամբողջական և որքանով՝ կոնսոլիդացված, ինչի հետ կապված էլ արդեն անդրադարձա»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ