Ապամոնտաժվում են Սևանի հանրային լողափից թերակղզի ընկած հատվածների ապօրինի շինությունները

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 11,  24News   

ապօրինի

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով «Սևան» ազգային պարկում վերսկսվել են ապօրինի շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքները։

Իրականացվում են Սևանի հանրային լողափից դեպի թերակղզի ընկած ափամերձ հատվածների ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքներ։ Ապամոնտաժվել է պարսպապատ քարե կիսակառույց շինություն, որի սեփականատիրոջ հետ առկա էր լուծված պայմանագիր։

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակազմի հետ վերջին հանդիպման ժամանակ նախարար Պետրոսյանը ևս մեկ անգամ վերահաստատել է Սևանա լճի ափամերձ տարածքներն ապօրինի շենք-շինություններից ու կառույցներից ազատելու շրջակա միջավայրի նախարարության վճռականությունը։

«Ազգային հարստության այսպիսի վատնումն անթույլատրելի է։ Կարճաժամկետ հեռանկարում մեր առաջնային խնդիրն է՝ պետական բացառիկ սեփականություն հանդիսացող տարածքներն ազատել ապօրինի տաղավարներից, ինքնակամ շենք-շինություններից, պարիսպներից ու կենսական կարևորության այս ոլորտում հաստատել օրենքի գերակայություն:

Խնդրի լուծման համար անհրաժեշտ քաղաքական կամքը կա․ Սևանա լճի էկոհամակարգի վերականգնումը ենթադրում է Սևանի ավազանի և հարակից բնակավայրերի զարգացման նոր մոտեցումներ ու հայեցակարգեր, և մենք պետք է մեր ողջ ներուժով լծվենք այդ տեսլականի կյանքի կոչմանը»,- նշել է նախարարը։

Ապամոնտաժման աշխատանքները շարունակական բնույթ են կրելու։

--00—ՄՀ