Նոր իշխանությունների առաջնային խնդիրն է եղել հանրության մեջ բանակի դերը նվազեցնելը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

Քոչարյան

Արցախում տեղի ունեցած 44-օրյա պատերազմի ելքը վճռողը մի ամբողջ շարք սխալ որոշումներն են եղել: Այս մասին Sputnik.Armenia-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: 

«Դիվանագիտական ճակատում լիարժեք ձախողումներ են եղել, բանակցությունները փակուղի են տարել, դիվանագիտությունը տեղ չի ունեցել: Բայց այս ամենը քաղաքական փորձ, աշխարհաքաղաքական իրողությունների մասին պատկերացնում չունեցող մարդկանց՝ փողոցից իշխանության գալու հետևանք է»,- նշել է նա:

Քոչարյանի գնահատմամբ՝ այդ մարդկանց գլխավոր մտահոգությունը ֆեյսբուքյան լայքերի թիվն է:

«44 օր մարդկանց խաբում էին, թե մենք հաղթում ենք: Մինչև վերջին օրը չենք գիտակցել, որ պարտվում ենք, որ բազմաթիվ զոհեր ունենք, վիրավորներ, չենք գիտակցել, որ կորցնում ենք Հայրենիքը: Եթե մարդիկ դա իմանային, դա նրանց կհամախմբեր»,- ասել է Քոչարյանը:

Անդրադառնալով ռազմական բյուջեի կրճատմանը՝ երկրորդ նախագահը նշել է, որ նոր իշխանություններն ընդհանրապես փոխել են ռազմական շինարարությանը մոտեցումը:

«Ո՞րն է խնդիրը: Նոր իշխանությունների մոտ բանակից պաթոլոգիական վախ կա: Իրենք բանակում չեն ծառայել և բանակին մեծ թերահավատությամբ են վերաբերվել: Ես այս բանակը ստեղծողներից մեկն եմ: Գունավոր հեղափոխությունից հետո նոր իշխանությունների առաջնային խնդիրն է եղել հանրության մեջ բանակի դերը նվազեցնելը, մինչդեռ պատերազմող երկիրը միշտ բանակը պետք է այլ մակարդակի վրա պահի»,- ասել է նա:

--00--ԱԹ