Գերխնդիրն Արցախի աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումն է. Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

Արցախ

Նույնիսկ վիրավոր վիճակում Արցախը կարևոր դերակատարություն ունի տարածաշրջանային աշխարհաքաղաքականության մեջ: 

Այս մասին նշեց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում՝ անդրադառնալով ներկա փուլում արտաքին քաղաքական առաջնահերթություններին, Հայաստան-Արցախ- Սփյուռք  կապերի կարևորությանն ու Ռուսաստանի հետ հարաբերությունների հեռանկարներին:

- Պարոն նախարար, ինչպիսի խմբագրումներ են ենթադրում Արցախյան նոր պատերազմն ու դրա հետևանքները՝ Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության բնագավառում:

-Բնական է՝  ցանկացած այսպիսի պատերազմ ու արհավիրք, լինի հաղթական, թե այլ ելքով,  չի կարող ազդեցություն չունենալ արտաքին քաղաքականության վրա:  Ներկայիս դժվարությունները ևս ազդում են արտաքին քաղաքականության վրա՝ յուրաքանչյուրը յուրովի: Նախևառաջ  մենք ունենք ավանդական ու գերնպատակային խնդիրներ, որոնք կմնան այսուհետ ևս: Դրանցից են՝ Արցախի միջազգային ճանաչման գործընթացը, երկկողմ միջազգային հարաբերությունների զարգացումը,  ներհայկական կապերի ամրապնդումը: Ներկա դրությամբ՝ գերխնդիրն Արցախի աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումն  է:  Այստեղ անելիքներ կան ոչ միայն արտաքին քաղաքական բնագավառում, այլ նաև՝ պետականաշինության գործընթացում: Նույնիսկ այս իրավիճակում Արցախը կարևոր աշխարհաքաղաքական դերակատարություն ունի: Արտաքին քաղաքականության մեջ պետք է լինի ավելի ճկուն իրատեսական և էմոցիաները նվազագույնի հասցված: Հաշվարկները պետք է շատ խորաթափանց ու հանգամանալից լինեն: Համապարփակ հաշվարկներ պետք է կատարվեն: Այս է ներկայիս ժամանակահատվածի յուրահատկությունը:

-Արցախի Հանրային հեռուստատեսության հետ հարցազրույցներից մեկի ընթացքում ասել էիք, որ Արցախի դեօկուպացիան հնարավոր է: Տեսանելի ժամանակահատվածո՞ւմ է դա ուրվագծվում, ինչպիսի՞ գործիքակազմով եք տեսնում այդ գործընթացը:

-Այս գործընթացը, նույնպես պահանջում է նվազագույն էմոցիոնալություն, հաշվարկի առկայություն, ճկունություն, մեծ քրտնաջան աշխատանք, արհեստավարժ մոտեցում, հայրենասիրություն և ճիշտ աշխատանք ու կազմակերպվածություն:

-Ինչպիսի՞ն եք տեսնում Արցախի միջազգային հարաբերությունների և  համագործակցության հեռանկարները:

- Պետք է աշխատենք այս ուղղությամբ: Ինչպես աշխատենք՝  այնպիսինն էլ լինելու է արդյունքը: Արտաքին քաղաքականությունը նաև աշխարհաքաղաքականության դրսևորում և արտացոլում է, ինչը նշանակում է, որ այս գործընթացում ևս զգացմունքների մասին պիտի մոռանանք: Նախադրյալներ կան: Նույնիսկ վիրավոր վիճակում Արցախը շարունակում է կարևոր դերակատարություն ունենալ տարածաշրջանային աշխարհաքաղաքականության մեջ:

- Արցախի Հանրապետության նախագահը նշել էր, որ Արցախի միջազգային ճանաչման գործընթացն առաջնահերթությունների շարքում է լինելու: Այդ ուղղությամբ ի՞նչ անելիքներ ու ռազմավարություն է անհրաժեշտ:

-Արցախի միջազգային ճանաչման գործընթացում պետք է սերտ համագործակցենք Սփյուռքի ազգային կառույցների հետ,  Մայր Հայաստանի հետ տարաբնույթ աշխատանքներ իրականացնենք: Միջազգային ասպարեզում ունենք ռազմավարություն, որը տարիներ շարունակ գործում է: Լոկալ, այնուհետև սուբյեկտների մակարդակով ճանաչում, որից հետ պետք է գանք պետական մակարդակով ճանաչմանը: Այստեղ մարտավարության մեջ պետք է փոփոխություն մտցնենք: Իհարկե, ռազմավարությունը  պետք է միշտ առավել ճկուն դարձնենք, սակայն մարտավարությունը բնական է, որ շատ ավելի մեծ փոփոխությունների պետք է ենթարկվի:

- Բնականաբար, Ադրբեջանը փորձելու է խոչընդոտել Արցախի արտաքին հարաբերությունների հաստատման փորձերն ու միջազգային ճանաչումը: Հակազդման գործիքակազմ տեսնո՞ւմ եք:

-Իհարկե հակազդման գործիքակազմ առկա է, սակայն դա չի նշանակում, որ  պիտի բացահայտենք այդ հնարավորությունները:

-Ադրբեջանի կողմից, առայժմ հայտարարությունների մակարդակով,  մասնավորապես՝ նկատելի են Հայաստանի Հանրապետությունից և այլ երկրներից պաշտոնական այցերը դեպի Արցախ խոչընդոտելու նկրտումներ: Ինչպե՞ս եք մեկնաբանում:

- Այդ հարցին շատ սառնասրտորեն պիտի մոտենանք և փորձենք անել հնարավորը՝ մեր շահերը առաջ տանելու համար: Այստեղ ավելորդ աղմուկն անթույլատրելի է: Ադրբեջանն ամեն ինչ անելու է խաթարելու և խարխլելու համար: Փաստ է: Մենք պետք է անենք հնարավորը՝  մեր միասնականությունը պահպանելու համար: Որևէ մեկը չի կարող մեզ պոկել, կտրել Հայաստանից և Սփյուռքից:  Մենք միասնաբար  պետք է անենք  հնարավորը, որպեսզի դա տեղի չունենա:

-Հայաստան-Արցախ հարաբերություններն ինչպիսի ձևաչափով պետք է շարունակվեն և ինչպիսին պետք է լինի Հայաստանի դերն Արցախի անվտանգության, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման և արտաքին հարաբերությունների հաստատման համատեքստում:

-Արցախի աշխարհաքաղաքական կարևորությունն ու սուբյեկտայնությունը պայմանավորված  են  նրա  տեղ ու դերով՝  Մայր Հայաստանում և Սփյուռքում: Հետևաբար՝ այդ կապերը ռազմավարական, առանցքային նշանակություն ունեն նաև մեզ համար: Բնական է, որ այսուհետ ևս, այս ուղղությունը համարում ենք առաջնային:

-Արցախ-Ռուսաստան հարաբերություններում ինչպիսի՞ հեռանկարներ եք տեսնում:

-Ռուս խաղաղապահներն այստեղ են և կարևորագույն, առանցքային դերակատարություն ունեն տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման գործում: Մենք բարձր ենք գնահատում այդ առաքելությունը: Ռուսաստանը մեզ համար եղբայրական երկիր է: Սա պետք է բոլորս գիտակցենք, և կրկնում եմ՝ առանց ավելորդ զգացմունքայնության,  առաջ տանենք մեր երկրի շահերը, պահպանենք մեր պետականությունը: Այս կարևորագույն ու պատասխանատու պահին եղբայրական երկրների հետ հարաբերությունների զարգացումն առանցքային է:

-Քննարկվող թեմաներից է նաև Ստեփանակերտի օդանավակայանի բացման, գործարկման խնդիրը: Ո՞ր փուլում է հարցի լուծումը:

-Հնարավորություններ կան և պետք է աշխատենք այդ ուղղությամբ:

- Որո՞նք եք համարում արտաքին քաղաքականության առաջնահերթություններն այս փուլում:

-Այս պահի դրությամբ Արցախը պետք է ապաքինվի: Ամբողջ երկիրն ու ժողովուրդը, այսպես ասած, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Պետք է դուրս գանք այդ վիճակից: Ամեն ինչ, այդ թվում՝ արտաքին քաղաքականության ուղղությամբ, պետք է անենք, որպեսզի հնարավորինս շուտ դուրս գանք այս ծանր վիճակից:

--0--ԿԿ