Եթե իշխանությունից Ադրբեջանի հետ բարեկամություն անել կցանկանան, Բաքուն սիրով կընդունի նրան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի՝ «չհասցրեցինք անհպում պատերազմի պատրաստվել» արտահայտության վերաբերյալ հետևյալ հարցադրումն է արել. «Իսկ Տոնոյանն ի՞նչ է արել 2.5 տարում՝ անհպում պատերազմին պատրաստվելու համար։ Եղածից հետո «ցավոք» ասելը տեղին չէ»: 24News-ի հետ զրույցում նա նշել է, որ ինքը կարող է ապացուցել, որ 2.5 տարում հնարավոր էր պատրաստվել պատերազմի։

«Փոխանակ հասարակությանը համոզելու, թե 2.5 տարում հնարավոր չէր պատերազմի պատրաստվել, լավ է լռեն: Տոնոյանն ու մյուս պատասխանատուներն այժմ էժան կերպով արդարանում են: Երկուսուկես տարի ի՞նչ էին անում, ի՞նչ փոփոխություն էին անում բանակում: Ելակ էին տալիս, կարող էին նարինջ տալ, բայց ելակն ի՞նչ էր անում, կրակո՞ւմ էր, թե՞ կոփում էր զինվորին»,- նշել է նա:

Հովսեփյանն ասել է, թե հիմա է հասկանում՝ ինչու էին «Հայոց պատմություն» առարկայից ուզում հանել «հայրենիք» հասկացությունը: «Եթե իշխանության ներսում մարդիկ կան, որոնք ուզում են բարեկամություն անել Ադրբեջանի հետ, ապա Բաքուն իրենց սիրով կընդունի: Բայց թույլ չենք տա, որ ադրբեջանցու հետ համակեցություն քարոզեն ու պարտադրեն»,- ընդգծել է անկախ պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ