22-ամյա երիտասարդի մոտից 32 մարիխուանայի փաթեթ են գտել. ասել է՝ «Տելեգրամով» է ձեռք բերել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

Վաղարշապատի ոստիկաններն օպերատիվ տվյալներ էին ձեռք բերել թրամիջոցներ պահելու և իրացնելու վերաբերյալ, որոնք իրացվեցին հունվարի 29-ին՝ առավոտյան ժամը վեցին մոտ: Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Մայրաքաղաքային փողոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին բերման ենթարկվեց երկու երիտասարդ՝ «Ֆոկլսվագեն» մակնիշի մեքենայով հանդերձ:

Երկուսն էլ հաշվառված են Երևանում: Մեքենայի տիրոջ՝ 22-ամյա երիտասարդի պայուսակից խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածներով 32 փաթեթ՝ ընդհանուր քաշը մոտ 72 գրամ: Երիտասարդը հայտնել է, թե այդ ամենը ձեռք է բերել «Տելեգրամ» կայքի միջոցով: Նման մի փաթեթ էլ հայտնաբերվել է նրա 26-ամյա ընկերոջ անձնական խուզարկությամբ: Նա էլ որպես ձեռքբերման աղբյուր տվել է նույն կայքի անունը:
Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք ու կնքվել: Հաջորդ օրը, դատարանի որոշմամբ, խուզարկվել է նաև մեքենան: Հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող փոշենման, սպիտակ զանգվածով հինգ փաթեթ` ընդհանուր մոտ ութ գրամ: Նշանակվել են փորձաքննություններ:

Հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի` իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հատկանիշներով:

Երկուսն էլ կալանավորվել են, նախաքննությունը շարունակվում է:

--00—ԼՄ