Խորհրդակցություն՝ Վայոց ձորի մարզում. ո՞ր ոլորտում ի՞նչ հանձնարարական է տվել մարզպետը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

նկար

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացել է աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որին մասնակցել են մարզպետի տեղակալները, խորհրդականները, օգնականները և մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները:

Մարզպետ Արարատ Գրիգորյանը հետաքրքրվել է նախորդ խորհրդակցության ընթացքում քննարկված «Արենի գինու հյուրանոցային համալիրի» շինաշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման և Ջերմուկի արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման ընթացքով:

Մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ հյուրանոցային համալիրի շինաշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման աշխատանքներն ընթացքի մեջ են, իսկ փետրվարի 3-ին, մասնագիտական հանձնաժողովի կողմից տեղում ուսումնասիրություն կատարելուց հետո, տեղի կունենա Ջերմուկում տեղադրված արևային ֆոտովոլտային կայանի ընդունման աշխատանքները:

Արարատ Գրիգորյանը քաղաքաշինության վարչության պետին հանձնարարել է գույքագրել և ներկայացնել Մ-2 մայրուղու մարզի տարածքով անցնող ճանապարհահատվածի եզրերին կառուցված ինքնակամ շինությունների ցանկը՝ նշելով յուրաքանչյուր շինության հեռավորությունը ճանապարհից:

Մարզպետը կրկին հետաքրքրվել է գարնանացան սերմացուի ներկրման ժամանակացույցով և գյուղատնտեսական կենդանիների մոտ վարակիչ հիվանդությունների կանխարգելման նպատակով մարզին տրամադրվելք պատվաստանյութերի համապատասխան քանակի ձեռք բերման աշխատանքների ընթացքով:

Արարատ Գրիգորյանը գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին հանձնարարել է հանդիպումներ կազմակերպել Եղեգիսի և Ջերմուկի արոտավայրերում ամռանը ոչխարի հոտերը նստեցնող ֆերմերների և գյուղացիների հետ՝ նշված համայնքների հեռագնա արոտավայրերն օգտագործելու ընթացքում սահմանային խնդիրներից խուսափելու նպատակով:

Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետը տեղեկացրել է, որ Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների վերաբերյալ ՀՀ ՊՆ է ներկայացվել 85 անձի տվյալներ, որոնցից 43-ին տրվել է դրական եզրակացություն: Մարզպետը վարչության պետին հանձնարարել է հետևողակալ լինել, որպեսզի զոհված բոլոր զինծառայողների վերաբերյալ գործերը հնարավորինս շուտ ներկայացվի ՊՆ:

ԿԳՄՍ վարչության պետը տեղեկություններ է հաղորդել դպրոցականների առարկայական օլիմպիադայի ընթացքի մասին և ներկայացրել դպրոցների տնօրենների մրցույթի գրաֆիկը:

Զարգացման ծրագրերի, վերլուծության և զբոսաշրջության բաժնի պետը տեղեկացրել է, որ մարզի 8 համայնքներից 6-ի կողմից արդեն ներկայացվել է 2021 թվականի սուբվենցիոն ծրագրերի հայտերի ամբողջական փաթեթները, քննարկման ընթացքում է մյուս 2 համայնքների կողմից ներկայացված հայտերը: Բաժնի պետը տեղեկացրել է, որ բոլոր հայտերում ներկայացված աշխատանքների տեխնիկական բնութագրերը կտրվում են քաղաքաշինության վարչության կողմից:

Հողերի նպատակային նշանակության փոփոխությունների վերաբերյալ տեղեկություն է ներկայացրել մարզպետարանի հողաշինության և հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչության պետը:

Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետը ներկայացրել է բարեգործական կազմակերպությունների հետ տարվող աշխատանքների արդյունքում «Դիակոնիա» ԲԿ-ի կողմից պատերազմում զոհված զինծառայողների և մարզի անապահով ընտանիքների երեխաներին աջակցություն տրամադրելու մասին տվյալներ (ձմեռային տաք հագուստ և կոշիկներ):

Տեղեկություններ են ներկայացրել մարզպետարանի քարտուղարության պետը, իրավաբանական, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի, անձնակազմի կառավարման, զորահավաքային նախապատրաստության բաժինների պետերը: Խորհրդակցության ավարտին մարզպետ Արարատ Գրիգորյանը մասնակիցներին մաղթել է արդյունավետ աշխատանքային շաբաթ:

--00—ԼՄ