Քաղաքացուց կաշառք պահանջած տղամարդը փողը ստանալուց հետո բռնվել է․ բացահայտում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ու Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, Մարտունու բաժին հրավիրված մի քաղաքացի հաղորդում է տվել, որ «Փարոս» ծրագրի նպաստառուների ցուցակում ընդգրկելու համար Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի Մարտունու սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակիցը իր և իր ղեկավարի անունից, որպես կաշառք, պահանջել է 70 հազար դրամ։

Հունվարի 22-ին ոստիկանության հիշյալ ստորաբաժանումների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում  նույն գործակալության սոցիալական աջակցության բաժնի վարիչը Մարտունու քաղաքապետարանի շենքի իր աշխատասենյակում բռնվել է պահանջած կաշառքի գումարը ստանալուց անմիջապես հետո։ Նրա մոտից հայտնաբերվել է կաշառքի առարկա 70 հազար դրամը։ Նա բերման է ենթարկվել ոստիկանության Մարտունու բաժին։

Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը ոստիկանությունից փոխանցվել են տարածքային քննչական մարմնին, որտեղ քրեական գործ է հարուցվել։ Բերման ենթարկված անձը ձերբակալվել է։

--00—ԼՄ