Այս հունվարի 24-ին Պարույր Սևակը կդառնար 97 տարեկան. Զանգակատունը մարդաշատ էր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

նկար

1924 թ.-ի այս օրը Արարատի մարզի Զանգակատուն համայնքում ծնվել է հայ մեծանուն գրող, հանճարեղ բանաստեղծ Պարույր Սևակը. այսօր նա կդառնար 97 տարեկան: Ձևավորված ավանդույթի համաձայն՝ պոետի ծննդավայրում նշվել է նրա ծննդյան տարեդարձը, կազմակերպվել է փոքրիկ հուշ-ցերեկույթ, որին ներկա է եղել Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը:

Ցերեկույթին մասնակցել է նաև «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, ինչպես նաև արվեստագետներ, տարբեր դպրոցների աշակերտներ ու ուսուցիչներ, համայնքի բնակիչներ, Սևակի պոեզիայի սիրահարներ:

Ներկաները ծաղիկներ են խոնարհել Պարույր Սևակի հիշատակին նվիրված շիրմաքարի մոտ, վերհիշել բանաստեղծի կյանքի պատմությունն ու նրա ստեղծագործությունները:

Ողջունելով հյուրերին` Պարույր Սևակի տուն-թանգարանի տնօրեն Սևակ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել նրանց ներկայության համար և հանդես է եկել ողջույնի խոսքով` ընդգծելով, որ պետք է կարողանանք վառ պահել մեծն հայի հիշատակը:

Շնորհավորելով բանաստեղծի ծննդյան տոնի կապակցությամբ` մարզպետ Ռազմիկ Թևոնյանն էլ իր հերթին նշել է, որ Պարույր Սևակը հայ ազգի այն մեծագույն գրողներից մեկն է, որի թողած անկրկնելի ժառանգությունն առ այսօր սերունդներ է կրթում ու դաստիարակում և այդ ստեղծագործությունները հայ գրականության փառապանծ էջերից են:

Հ.Գ. Հարկ ենք համարում տեղեկացնել, որ այս տարի կորոնավիրուսի համավարակով և Արցախյան 2-րդ պատերազմում ունեցած մեր զոհերի հիշատակով պայմանավորված, ցավոք սրտի, հնարավոր չի եղել բազմամարդ միջոցառումներ կազմակերպել և մեծ շուքով տոնել Պարույր Սևակին նվիրված այս առանձնահատուկ օրը:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս