Ես վրդովված եմ Փաշինյանի՝ Շուշիի մասին հայտարարությունից, չի կարելի նման բան ասել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 21, 24News

քաղաքական

Ալիևը ստերով իր ժողովրդի գլուխը լցրել է, թե Հայաստան չի եղել, Ադրբեջան եղել է, հիմա մենք էլ այսօր ասում ենք՝ այո, Շուշին ադրբեջանական է եղել, վաղն էլ մի ուրիշ բան ենք ասելու։ Ես վրդովված եմ այդ հայտարարությունից, հատկապես բարձր ամբիոնից չի կարելի այդպիսի հայտարարություններ անել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Շուշիի նախկին քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն, և այդպիսի բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով։

«Ես այսպիսի մի բան կասեմ՝ երբ ՀՀ-ում սովետական շրջանում ադրբեջանցիներ էին գտնվում, օրինակ՝ Մասիսի շրջանում ադրբեջանցիներ են եղել, ուրեմն՝ Մասիսը ադրբեջանակա՞ն է եղել։ Բա ինչու՞ չեն ասում՝ Սումգայիթում ինչքան հայեր են եղել, Սումգայիթը հայկական քաղաք է եղել, ինչո՞ւ Գանձակի մասին չեն ասում, որ հայկական է եղել։ Ինչու՞ չեն ասում, որ 450-500 հազար հայեր են եղել Ադրբեջանում։ Դրանց մասին թող խոսեն։ Ու՞ր են մեր Շահումյանը, Գետաշենը, բա ինչու՞ չեն ասում, որ դրանք բուն հայկական են։ Շուշիում Լեո է ծնվել, Մուրացան է ծնվել, Նելսոն Ստեփանյան է եղել, ու շատ-շատ մեծեր են եղել։ Կարո՞ղ է ասեն՝ իրենք էլ են թուրքեր»,-ասաց Սարգսյանը։

Նա հարց հնչեցրեց՝ տանուլ տալով, հողերը տալով, զիջելով՝ հիմա էլ պատմությու՞ն ենք զիջում։

«Պատմություն պետք է ուսումնասիրեն, որ հասկանան՝ Շուշին հին հայկական քաղաք է, 11 եկեղեցի ունեցող։ Բա այդքան ժամանակ, որ Շուշին պատմամշակութային հայկական քաղաք է եղել, հայկական ոճով կառուցված, դա մոռանա՞նք։ ՀՀ-ում գյուղեր կան, որ ադրբեջանական անուններ ունեն, ուրեմն՝ այն ժամանակ ադրբեջանական գյուղե՞ր են եղել Հայաստանում, Հայաստանն ադրբեջանակա՞ն է։ Ես չեմ հասկանում՝ դա ինչ անպատասխանատու հայտարարություն է»,-ասաց նա՝ նշելով, թե այսպիսի հայտարարությունները նպաստում են Ադրբեջանին։

«Հիմա Ալիևն ասում է՝ Երևանն ադրբեջանական է եղել, կանգնենք ասենք՝ այո, իրենց է եղել։ Հարկավոր է ազգին ոգևորել, մինչդեռ ազգի համար մեծ ընկճվածության այս պահերին նորից հարվածում են ու ղեկավարի մասշտաբով։ Չի կարելի։ Ինչ եղել, եղել է, գոնե այս պահածի մասին մտածենք ու այդպիսի հայտարարություններ չանենք։ Դե եկեք ասենք՝ Ալիևը ճիշտ է ասում, որ Երևանն էլ է ադրբեջանական եղել, Սևանա լիճն էլ է ադրբեջանական եղել։ Ինչ է, մենք որոշել ենք Ադրբեջանի ջրաղացին ջու՞ր լցնել»,-ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ բոլորին է հայտնի, որ ԽՍՀՄ ժամանակ ադրբեջանցիները կամաց-կամաց հայաթափել են բնակավայրերը, հետևաբար պարզ է, որ Շուշիի բնակչության մեծ մասը կարող էր ադրբեջանցի լինել, սակայն այժմ պետք է հայկական մնացած տարածքները հայկական պահելու մասին մտածել։

«Հիմա տրամադրում են, թե մեկ է՝ այս հողերը ծախված են եղել, պիտի տայինք։ Թող պատմություն ուսումնասիրեին, թող քայլեին ազատագրված հողերով, ամեն մի հողում մի սրբավայր, եկեղեցի ունեինք, դարավոր եկեղեցիներ։ Թող ուսումնասիրեին, հասկանային՝ այդ հողը հայկակա՞ն է, թե՞ ադրբեջանական։ Հիմա եկեք մոռանանք, ասենք՝ Արցախն էլ է եղել ադրբեջանական ու վերջ։ Հեյդար Ալիևն էր ձգտում Արցախը հայաթափել, բա պետք է 90 տոկոս ադրբեջանական լինեին։ Հիմա ադրբեջանցիները վախ են տարածում, ձեռքները դնում են վզներին, ցույց տալիս, թե կտրելու են։ Եկեք, դա կանգնեցրեք, այդ հարցը լուծեք, որ մարդիկ մնացած տարածքներից էլ չհեռանան»,-ասաց նա։

Դիտարկմանը, թե ըստ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Փաշինյանին առաջարկվել է պատերազմը կանգնեցնել ավելի վաղ և ավելի շահեկան տարբերակով՝ պահելով նաև Շուշին, իսկ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ավելի քիչ հողային կորուստներով պատերազմը կանգնեցնելու ոչ մի հնարավորություն չի եղել, Սարգսյանն արձագանքեց․

«Շատ լավ էլ եղել է տարբերակ, որ չհանձնենք Շուշին։ Եթե ամսի 20-ին պատերազմը դադարեցվեր, ի՞նչ Շուշիի հանձնման մասին կարելի էր խոսել, ի՞նչ Քարինտակի հանձնման մասին կարելի էր խոսել։ Ուրեմն՝ պայմանավորված է եղել, որ այդքանը պետք է կատարվեր, Շուշին պետք է հանձնվեր։ Ես գիտեմ՝ ինչպես է կազմակերպվել Շուշիի ազատագրումը, Շուշին անառիկ բերդ էր, եթե լավ կազմակերպվեր պաշտպանությունը, տրամադրված չլինեին հանձնել, Շուշին չէր հանձնվելու, ուղղակի իրենք գիտեին, որ պետք է հանձնվեր, մեզ նմաններն էլ միամիտ կերպով գնացել, զոհ էին տալիս։ Երբ իր կինը Արցախյան գոյամարտի մասին ասում էր՝ անիմաստ զոհեր են եղել, այ անիմաստ զոհերն այս ժամանակ են եղել, կազմակերպված զոհեր ենք տվել»,-ասաց նա։

Դիտարկմանը՝ այսինքն՝ իշխանությունները գիտակցել են, որ Շուշին հանձնվելու է, սակայն ստեղծել են իմիտացիա, որ չկարողացա՞նք Շուշին պաշտպանել, Սարգսյանն արձագանքեց՝ իհարկե․ «Այս հայտարարությունները բերում են դրան, որ այդպես է եղել։ Նա հայտարարեց նաև, թե Շուշին դժգույն, դժբախտ քաղաք է եղել։ Մարդկանց այդպես են տրամադրում, հիմա մարդկանց հետ զրուցում ես, ասում են՝ մեզ Շուշին պե՞տք էր։ Ազգի մեջ են դա տարածում։ Վաղը, մյուս օրն ասելու են՝ մեզ Արցախ պե՞տք էր։ Բայց չէ՞ որ մենք պահանջատեր ենք, էլ ինչու՞ են խոսում Արևմտյան Հայաստանի մասին, որ հողեր ենք կորցրել, ինչու՞ են խոսում Ցեղասպանության մասին։ Դե եկեք՝ ամեն ինչ մոռանանք»,-ասաց նա։

Ըստ Սարգսյանի՝ պատերազմն ավելի վաղ և նվազ կորուստներով կանգնեցնելու հնարավորություն եղել է․ «Ամեն պահի էլ եղել է հնարավորություն, որ կանգնեցնենք։ Առաջին պատերազմի ընթացքում ադրբեջանցին էր փախչում, որովհետև մեր մեջ ոգի կար, տղաները տրամադրված էին, որ պետք է հաղթենք, մեր հողերն ազատագրենք»,-ասաց Արծվիկ Սարգսյանը։

--0--ԿԿ