Թուրք-ադրբեջանական զորավարժությունները ՀՀ սահմաններին մեսիջ է․ պետք է զգոն լինենք

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 19, 24News

Հայաստանի սահմաններին անցկացվող լայնամասշտաբ թուրք-ադրբեջանական զորավարժությունները պետք է ընկալել որպես մեսիջ, բայց հասկանալ՝ ո՞ւմ է ուղղված այս անգամ։ Այս երկրները սպառնալիք արտահանողներ են, և նրանց զորավարժությունների անցկացումը սպառնալիք է առաջացնում ինչպես ՀՀ-ի, այնպես էլ տարածաշրջանի համար։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

«Արդյո՞ք միայն ՀՀ-ին։ Եթե նախորդ զորավարժություններն ավարտվեցին Արցախյան պատերազմով, ապա եթե սրանք պետք է դառնան պատերազմական գործողություններ կամ թիրախավորեն ՀՀ-ն, ապա մենք պետք է հստակ գիտակցենք, որ դա պատերազմ չի լինելու միայն ՀՀ-ի դեմ, որովհետեւ ՀՀ-ի վրա հարձակումը պատերազմ է նաև ՀԱՊԿ-ի, ՌԴ-ի դեմ։ Պետք է դիտարկենք՝ արդյո՞ք հիմա կա տարածաշրջանում այնպիսի վիճակ, որը կբերի թուրք-ռուսական պատերազմի։ Պետք է ավելի զգոն լինենք, բայց դրանք իրենց մեջ պարունակում են վերոնշված բաղադրիչները։

Այսօր քիչ հավանական է, որ Թուրքիան պատերազմ կսկսի ՀՀ-ի դեմ, քանի որ այս պահին չկա այնպիսի վիճակ, որը կարող է հանգեցնել դրան, ինչպես նախորդ դեպքում, երբ կար Արցախի հարցը։ ՌԴ-ի և Թուրքիայի միջև որևէ լուրջ, սրվածության աստիճանի խնդիր չկա, ինչպես նաև ՆԱՏՕ-ի և ՀԱԿՊ-ի միջև չկա։ Այս տեսանկյունից վիճակը կանխատեսելի է»,- նկատել է թուրքագետը։ 

Բայց, ըստ Մելքոնյանի, եթե Թուրքիայի թիրախում միայն ՀՀ-ն չի լինելու, այլ նաեւ ուրիշները, միևնույն է, պետք է ամեն կերպ խուսափել դրանից, որովհետեւ եթե անգամ ՀՀ-ն դառնա թատերաբեմ, այն կարող է կործանարար լինել։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ