Քոչարյանի պաշտպանները բացարկ հայտնեցին մեղադրող դատախազներին, նաև՝ գլխավոր դատախազին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 19, 24News

քոչարյան պաշտպաններ դատ.jpg

Տևական դադարից հետո Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր վերսկսեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմից:

Նիստը բացելուց անմիջապես հետո դատավորը մեկ ժամով ընդմիջում հայտարարեց, քանի որ Յուրի Խաչատուրովի թարգմանիչն այդ պահին մասնակցում էր մեկ այլ դատական նիստի։  

Ընդմիջումից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեցին մեղադրող դատախազներ Պետրոս Պետրոսյանին, Գևորգ Բաղդասարյանին և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, խնդրելով հեռացնել նրանց  այս վարույթից։ 

Պաշտպան Հայկ Ալումյանը նշեց, որ Արթուր Դավթյանը 2019թ․ մայիսի 13-ից որպես մեղադրող ներգրավված է սույն գործով, և մինչ օրս նրա դատավարական կարգավիճակը դադարեցված չէ։ Նա հիշեցրեց, որ 2020թ․ նոյեմբերի 30-ին գլխավոր դատախազը մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած խորհրդակցությանը, որտեղ խոսվել է կոնկրետ գործերի ընթացքը քննարկելու հնարավորության մասին, ինչն, ըստ պաշտպանի, հակասում է Դատախազության մասին օրենսդրությանը։ Ալումյանի խոսքով, գլխավոր դատախազի և վարչապետի նման հարաբերությունները չեն կարող վկայել դատախազի ինքնուրույնության և անկողմնակալ լինելու մասին։ Պաշտպանը հիշեցրեց, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանը դատապարտվել է 2008թ․ մարտի 1-ին զանգվածային անկարգություններ հրահրելու և կազմակերպելու մեղադրանքով։ Դատավճիռը բողոքարկվել է Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններում, բայց չի բեկանվել և մինչ օրս ուժի մեջ է։  

Պաշտպան Արամ Վարդևանյանը բացարկ հայտնեց դատախազ Գևորգ Բաղդասարյանին, նշելով, որ նա չի կարող լինել անկողմնակալ։ Վարդևանյանի խոսքով, Բաղդասարյանի աշխատանքային առաջխաղացումը տեղի է ունեցել 2018 թ․-ից հետո, հենց այն դեպքերից հետո, որոնք հանգեցրել են Արցախի տարածքի ավելի քան 70%-ի հանձնմանը, Շուշիի հանձնմանը, հազարավոր հայորդիների մահվանը։ 

Նա հիշեցրեց, որ դատական նիստերը միշտ նշանակվում են երեքշաբթի օրերին, սակայն երկարատև ընդմիջումից հետո Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման հարցի քննությունը նշանակվել է մայիսի 8-ին՝ Շուշիի ազատագրման օրը։ «Այդ օրը նա ասաց, որ որևէ մեկը Շուշիի ազատագրման համար այստեղ նստած չէ։ Այդ օրը Շուշին ազատագրված էր, Շուշին կանգուն էր։ Հիմա արդեն այդպես չէ, Շուշին չկա, ու հասարակության մի ստվար զանգվածի մոտ կա հստակ ձևավորված կարծիք, որ Շուշին հանձնել են։ Հիմա հարց է առաջանում․ եթե Շուշին ազատագրելու համար ոչ ոք նստած չէ, հիմա Շուշին հանձնելու համար ի՞նչ գործողություններ են կատարվում», - ընդգծեց Վարդևանյանը։ 

Պաշտպան Հովհաննես Խուդոյանը բացարկ հայտնեց մեղադրող դատախազներ Պետրոս Պետրոսյանին, Գևորգ Բաղդասարյանին և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Նա հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը ՀՀ պաշտոնաթող նախագահների հանդիպման մասին, որտեղ նշել էր, որ խնդրել է դատախազներին չառարկել և Մոսկվա մեկնելու համար Ռոբերտ Քոչարյանին վերադարձնել  անձնագիրը։ «Այս գրառումից պարզ է դառնում, որ սույն գործով մեղադրող դատախազները դատավարական գործողություններ են կատարում կամ ձեռնպահ են մնում դրանք կատարելուց գործադիր իշխանության ցուցումներին, հորդորներին կամ պահանջներին համապատասխան», - ասաց Խուդոյանը։ Ըստ նրա՝ դատախազները չեն կարող շարունակել պաշտպանել մեղադրանքը, քանի որ կաշկանդված են Նիկոլ Փաշինյանի կողմից գործադրված սահմանափակումներով։ 

Բացարկի միջնորդություններին միացան նաև Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը և Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը։

--00--ԱԹ