Որոշվում է ԼՂ-ում տեղակայված ռուս խաղաղապահների մանդատի հարցը. Սերգեյ Լավրով

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 18, 24News

լավրով

ԼՂ-ում հրադադարի մասին նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները բավական արդյունավետ են կյանքի կոչվում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ նման տեսակետ են հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Լավրովը նշեց, որ այդ պայմանավորվածություններից միայն ռազմագերիների հետ կապված հարցն է, որ դեռ բաց է մնում:

«Մնացած բոլոր հարցերն արդյունավետորեն լուծվում են: Որոշվում է խաղաղապահների մանդատի հարցը: Այն, իհարկե, պետք է եռակողմ պայմանավորվածությունների առարկա լինի: Որևէ գաղտնի թեմա չկա»,- նշեց նա:

Ավելի վաղ, խոսելով ռազմագերիների վերադարձի մասին, Սերգեյ Լավրովը նշել էր. «Հայկական կողմը գերիների ցուցակը ներկայացրել է ոչ անմիջապես և ոչ ամբողջական»:

--00--ԱԹ