Արցախ ԱՆ-ն հորդորում է պահել COVID-19-ի կանոնները՝ չնայած հանրության հոգեբանական վիճակին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

կորոնավիրուս բացասական

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարություն հայտարարություն է տարածել՝ հորդորելով պահպանել համաճարակային անվտանգության կանոնները:

«Հարգելի հայրենակիցներ, 2020 թ. սեպտեմբերից Արցախին պատուհասած արհավիրքը, իր բոլոր հետևանքներով հանդերձ, որոշակիորեն նպաստեց նաև հակահամաճարակային կանոնների պահպանության հարցում քաղաքացիների զգոնության թուլացմանը: 

Պատերազմին զուգահեռ Արցախը փորձում էր դիմակայել նաև համընդհանուր չարիք դարձած COVID-19 կորոնավիրուսին, որի ընթացքում հասկանալի պատճառներով վիրուսի տարածման կանխարգելումը քիչ արդյունավետություն և վերահսկելիություն ուներ, այդ պատճառով բացառված չէ, որ կային մի շարք վարակակիրներ, ովքեր հաղթահարել են հիվանդությունը առանց բժշկական միջամտության, սակայն նրանցից տարածվող վտանգը շարունակվում է պահպանվել:

Թեև Արցախում ստեղծված իրադրությունն ու հանրության հոգեբանական վիճակը հաճախ երկրորդ պլան է մղում սեփական առղջությունը պահպանելու իրավունքի և այլոց առողջության համար վտանգ ստեղծելուց զերծ մնալու պարտականության պատշաճ կատարումը, այդուհանդերձ խնդրում և հորդորում ենք ցուցաբերել բարձր պատասխանատվություն, պահպանել օրինապաշտ ու պայքարող արցախցու անքննելի կերպարը և միահամուռ ուժերով լծվել մեր ծնողների, տատիկների ու պապիկների, խոցելի խմբում գտնվող մեր համերկրացիների կյանքին ու առողջությանը իրական վտանգ ներկայացնող այդ չարիքի դեմ պայքարին:

Այս գերագույն նպատակին հասնելու համար վարակակիր լինելու նախանշանների առկայության դեպքում ընդամենը անհրաժեշտ է հետևել ստորև բերված պարզագույն կանոններին.
         ✅Մնացե՛ք տանը
         ✅Մեկուսացվե՛ք տան մյուս անդամներից
         ✅Զանգահարե՛ք բժշկին՝ նախքան նրան այցելելը
         ✅Կրե՛ք բժշկական դիմակ՝ եթե ցուցված է
         ✅Փակե՛ք բերանը և քիթը՝ փռշտալիս և հազալիս
         ✅Հաճախակի լվացե՛ք ձեռքերը
         Առանձնացրե՛ք տնային պարագաները
         ✅Հյուրեր մի՛ ընդունեք
         ✅Լվացքի համար ապահովեք ջրի հնարավորինս բարձր ջերմաստիճան
         ✅Հերմետիկ փակեք աղբամանը
         ✅Հետևեք ախտանշանների զարգացմանը (ջերմություն, հազ, շնչառության դժվարացում, հարբուխ, կոկորդի ցավ):

Հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում և հորդորում ենք հետևել ինքնամեկուսացման խորհուրդներին, չվտանգել Ձեր և Ձեր մտերիմների առողջությունը»:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս