Արցախի ԱԺ-ի և ԱԳՆ-ի ղեկավարները հանդիպել են. քննարկվել է նաև անհետ կորածների որոնման հարցը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

նկար

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է նորանշանակ արտգործնախարար Դավիթ Բաբայանի, փոխարտգործնախարարների և նախարարության աշխատակազմի ղեկավարի հետ: Այդ մասին հայտնում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժինը:

Արթուր Թովմասյանը շնորհավորել է Դավիթ Բաբայանին այդ պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և բեղմնավոր աշխատանք է մաղթել: «Նոր իրողություններից ելնելով՝ արտաքին քաղաքական գերատեսչության աշխատանքների ուղղվածությունն ու  ծավալն է փոխվել»,- ասել է խորհրդարանի ղեկավարը և մարտահրավերներին դիմագրավելու հարցում Ազգային ժողովի աջակցությունը հայտնել արտաքին քաղաքական գերատեսչությանը: Այդ համատեքստում երկրի օրենսդիր մարմնի ղեկավարը երկու կարևոր հարց  է առանձնացրել՝ ժողովրդի անվտանգությունն ու ինքնորոշման իրավունքի իրացումը: Արթուր Թովմասյանը կարևորել է  Հայաստանի արտգործնախարարության հետ կապերի խորացումը ու անհետ կորածների որոնման  հարցում ջանքերի ակտիվացումը :

Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն իր հերթին  կարևորել է  նման հանդիպումները՝ ընդգծելով խորհրդարանական բոլոր ուժերի տեսանկյուններին ծանթանալու անհրաժեշտությունը: Նա նշել է, որ նախարարությունը  լավ թիմ ունի և պատրաստ են դիմագրավելու առկա մարտահրավերներին: Երկուստեք կարևորվել է խորհրդարանական դիվանագիտությունը, որը թույլ է տալիս շրջանցել բազմաթիվ քաղաքական խոչընդոտներ:

Հանդիպմանը ներկա էին Ազգային ժողովի փոխնախագահ Գագիկ Բաղունցը  ու արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը:

--00—ԼՄ