Կենցաղային վեճի պատճառով 23-ամյա գյումրեցին դանակահարել է 26-ամյա մարմաշենցուն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News

Դանակահարության մասին ահազանգը ոստիկանության Ախուրյանի բաժնում ստացվեց դեկտեմբերի 23-ին՝ ժամը 23.10-ին: Հիվանդանոց էր տեղափոխվել Մարմաշեն գյուղի բնակիչ, 26-ամյա մի երիտասարդ՝ «որովայնի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ: Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց Գյումրու բժշկական կենտրոն, սակայն բժիշները հայտնեցին, որ տղան ի վիճակի չէ բացատրություն տալ:

Նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանության Ախուրյանի բաժնի, Շիրակի մարզային վարչության և տարածքային նախաքննական մարմնի աշխատակիցների համատեղ միջոցառումներն արդյունք տվին դեկտեմբերի 28-ին: Պարզվեց ոչ միայն դանակահարողի անձը, այլև հանցագործությանը նախորդած ողջ անցուդարձը:

Նախնական տվյալնների համաձայն՝ դեկտեմբերի 23-ին Գյումրիի Շիրակացու փողոցում վիճաբանություն է տեղի ունենում 26-այա երկու երիտասարդի միջև, մեկը գյումրեցի, մյուսը` Մարմաշեն գյուղի բնակիչ: Վեճի պատճառը կենցաղային էր։ Հարցի հետագա պարզաբանումները շարունակվում են Մարմաշեն գյուղում: Վեճի ընթացքում եկեղեցու մոտ են հասնում Մարմաշեն գյուղից ևս չորս երիտասարդ: Նրանցից մեկը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, անհիմն միջամտում է ու կրկին բորբոքում վեճը: Սկսվում է քաշքշուկ, որի ընթացքում էլ 23-ամյա գյումրեցի մի երիտասարդ դանակով հարվածում է 26-ամյա մարմաշենցուն:

Վեճի մասնակիցները վիրավոր տղային հասցնում են հիվանդանոց:

Դեկտեմբերի 28-ին իրավապահներին արդեն հայտնի էր այս ամենը, մնում էր գտնել դանակահարողին: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 31-ին երիտասարդը հայտնաբերվում է Բավրայի սահմանային անցակետում և բերման ենթարկվում ոստիկանության Ախուրյանի բաժին: Նա դատարանի որոշմամբ կալանավորվել է, նախաքննությունը շարունակվում է:

--00—ԼՄ