Երկու տարի առաջ մեզնից յուրաքանչյուրը երդվեց լինել իրեն քվե տված քաղաքացու կողքին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 11, 24News

քաղաքական

Երկու տարի առաջ՝ ստանալով մանդատ, մեզնից յուրաքանչյուրը երդվեց լինել իրեն վստահության քվե տվող քաղաքացու կողքին։ Անխոս ու պարտադիր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը։

«Ամենատարբեր ֆորմատներով քննարկումների, բանավեճերի, երկխոսությունների ընթացքում խոսելով ՀՀ֊ ում քաղաքական մշակույթի մասին` մեզնից յուրաքանչյուրը ուղղակի կամ անուղղակի վստահեցրեց, որ այսուհետ խնդիրների ճիշտ ու հասցեական, արդյունավետ ու համապարփակ լուծումներ գտնելու համար պետք է ու անհրաժեշտ թիրախավորել հենց դրանք, այլ ոչ թե անձանց։ Երկու տարի առաջ սա մեզնից յուրաքանչյուրի քաղաքական, և ոչ միայն քաղաքական, կրեդոն դարձավ և, քանի դեռ քաղաքականության մեջ ենք ու հանրային դեմք, միլիմետր անգամ սրանից հեռանալու իրավունք չունենք։ Լինել քաղաքականության մեջ ու մնալ բարոյականության ու տարրական դաստիարակության շրջանակներում ամենևին անհնարին չէ, ճիշտ հակառակը։ Անհրաժեշտության դեպքում մեկից կամ հազաըներից հրապարակային ներողություն խնդրելը քրեորեն հետապնդելի կամ ստատուսից ցածր արարք չէ, ճիշտ հակառակը։

Ուստի խնդրում եմ բոլորից, խոսելուց առաջ հազար անգամ չափել ու լուռ մնալ, եթե ասելիք չկա կամ ասելիքն էլ վիրավորական շեշտադրում ունի իր մեջ։ Անթույլատրելի է սեփական համոզմունքների պատճառով քնարկման առարկա դարձնել մեծամասնության արժեհամակարգը։

Ոչ կոնվենցիաները, ոչ պայմանագրերը, ոչ օրենքները չեն կարգավորում նման խնդիրներ։ Սա բոլորովին այլ տիրույթի հարց է։ Քաղաքականությունը հնարավորությունների հարթակ է, բայց չափը երբեք չի խանգարել»։

--0--ԿԿ