«Իմ քայլը» խմբակցությունը կառավարության ծրագրերի կոճակ սեղմողն էր. Սոֆյա Հովսեփյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News

«Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու որոշումը պայմանավորված չէր միայն մեկ պատճառով։ Այս մասին 24News-ին հայտնել է ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, որը նախօրեին հայտարարել է իշխող խմբակցությունից դուրս գալու մասին։ 

Ըստ պատգամավորի՝ այս քայլը հնարավորություն է տալիս սատարելու իշխող խմբակցությանն այն գործերում, որոնք ուղղված են դրական փոփոխություններին, և չլինել այն գործերում, որոնք իր սկզբունքներին և արժեքներին դեմ են։ 

Պատգամավորը նաև հրաժարվեց մեկնաբանել իմքայլականների այն հայտարարությունը, թե իր որոշումն «առնետավազք» էր՝ հավելելով, որ «ժամանակն ու ժողովուրդը կգնահատի իրենց արտահայտությունները»։ 

«Խորհուրդ կտամ՝ այնքան սկզբունքայնություն ունենան, որքան ես այս 2,5 տարվա ընթացքում եմ ունեցել։ Առնետավազքն այն է, երբ խաբում են մարդուն և ստեղծում են միֆեր, որի արդյունքում ունենում ենք այն, ինչ ունենք։ Իսկ ես երբեք ո՛չ խաբել եմ, ո՛չ ստել եմ, ո՛չ կեղծել եմ, ո՛չ չարացել եմ, այլ գործել եմ բացառապես իմ խղճի ու մտքի մոտեցումներով», - հավելեց նա։ 

«Իմ քայլի» նախկին պատգամավորն ընգծեց, որ ունեցել է արժեհամակարգային խնդիր, և այնտեղ, որտեղ իր հայացքները համընկնում են, պատրաստ է օժանդակել կառավարությանը։

«Կառավարության որոշ գործընկերներ, եթե ինձնից նեղացել են, կարող են չխոսել, բայց զուտ պետականամետ գործերում, ուզեն-չուզեն, պետք է համագործակցեն, թե չէ ինչպես միշտ մենակ կգործեն», - ասաց նա։ 

«Իմ որոշումը չեմ հասցրել քննարկել խմբակցության ղեկավարի հետ, խմբակցության երեկվա նիստում փոխանակ քննարկեինք կարևոր, հրատապ հարցը՝ ամսի 11-ի հանդիպումը (Փաշինյանի հնարավոր այցը Մոսկվա - խմբ.), քննարկում ենք մի բան, որը չունի այդ հրատապությունը։ Խմբակցությունը միայն եղավ կառավարության կողքին իբրև կոճակ սեղմող, այլ ոչ թե կառավարությանն օգնող, խորհուրդ տվող, առաջնորդող», - հավելեց նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Սևակ Վրույր

--00—ԼՄ