Հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու հարցը դրվեց քվեարկության. Զոհրաբյանը դահլիճում չէր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

նկար

Ազգային ժողովն այսօր՝ արտահերթ նիստի ընթացքում, քննարկել է «Իմ քայլը» խմբակցության կողմից շրջանառության մեջ դրված ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցնելու հարցի վերաբերյալ նախագիծը:

Քննարկման ընթացքում ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ նախագծի հիմնական զեկուցողի ելույթից հետո, ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, կարող է հարցերի պատասխանել և եզրափակիչ ելույթ ունենալ նաև Նաիրա Զոհրաբյանը, սակայն նա դահլիճում չի եղել:

Նախագծի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հետաքրքվեց՝ եթե ԱԺ-ն որոշի, որ Նաիրա Զոհրաբյանը զրկվում է իր լիազորություններից, հետո ի՞նչ է տեղի ունենում: Իմքայլական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը մանրամասնեց՝ 2 շաբաթում ԲՀԿ-ն հանձնաժողովի նախագահի պաշտոնում կարող է առաջադրել նոր թեկնածուի, սակայն եթե չի առաջադրում, քվոտան անցնում է իշխող մեծամասնությանը:

Արթուր Հովհաննիսյանը նաև հայտարարեց, որ սա հանրային պահանջ է, և որ Նաիրա Զոհրաբյանի հայտարարություններից հետո բազմաթիվ քաղաքացիներ խնդրել և պահանջել են, որ ԱԺ-ն նախաձեռնի այս գործընթացը:

«Սա ուղերձ է ՀՀ բոլոր քաղաքացիներին, որ «Իմ քայլը» կանգնած է ՀՀ քաղաքացու կողքին»,-ասաց Արթուր Հովհաննիսյանը:

Նախագծի քննարկման ավարտին ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ քվերակությունը տեղի կունենա 13:10-ից մինչև 14:10-ն ընկած ժամանակահատվածում:

Վահագն Հովակիմյանը նաև հավելեց, որ հարցն է դրված քվերակությանը, այսինքն՝ հարցին «կողմ» և «դեմ» նշումով պատգամավորները նախագծի վերաբերյալ իրենց կարծիքն են արտահայտելու:

Հիշեցնենք, որ նախագծի շրջանառման դրդապատճառն այն է, որ Նաիրա Զոհրաբյանը, լինելով ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հանրության մի ստվար զանգվածի, որոնք սատարում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումները, անվանել էր «ժեխ»:

--00—ԼՄ