Իշխանությունները ձախողել են սեղմ ժամկետներում գերիների վերադարձի շուրջ բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

սիրանուշ

Ադրբեջանում պահվող հայ գերիների թիվը այս պահի դրությամբ գերազանցում է 100–ը։ Այս մասին NEWS.am–ին հայտնել է Եվրոպական դատարանում հայ գերիների իրավունքների պաշտպանությունն իրականացնող իրավաբան Սիրանուշ Սահակյանը։

«Ստուգված, նույնականացված տվյալների համաձայն՝ Ադրբեջանում պահվող գերեվարված անձանց թվաքանակն այս պահին անհամեմատ մեծ է»,- ասել է նա։

Նշենք, որ այսօր՝ դեկտեմբերի 28–ին Ռուսաստանի Դաշնության և Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ Հայաստան են տեղափոխվել 4 հայ գերիներ, որոնցից երկուսը քաղաքացիական անձինք են։

Հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ ընդամենը 4 գերի է տեղափոխվել Հայաստան, մինչդեռ խոսվում էր շուրջ 40–ի վերադարձի մասին, իրավապաշտպանն արձագանքել է.

«Կարծում եմ՝ իշխանությունները ձախողել են սեղմ ժամկետներում գերիների վերադարձի շուրջ բանակցությունները։ Բանակցային գործընթացում հայկական կողմը չունի հեղինակություն, նրան լուրջ չեն վերաբերվում։ Հայաստանին չի հաջողվել իր ձեռքում պահել Ադրբեջանի վրա ներազդելու որևէ լծակ, արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները չարաշահվում են՝ ի վնաս Հայաստանի և Արցախի քաղաքացիների շահերի»։

Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ գերիների վերադարձի ձգձգումը պայմանավորված է ՀՀ իշխանությունների ոչ պրոֆեսիոնալ աշխատելաոճով։

«Տեսանելի աշխատանք, որի շնորհիվ հնարավոր կլիներ մինչև Ամանոր վերադարձնել հայ գերիներին, ըստ էության, իշխանությունները չեն արել։ Շուտով տոնական օրեր են և Ադրբեջանը այդ ժամանակահատվածը ևս կօգտագործի հայ գերիների վերադարձի պրոցեսն անհիմն երկարաձգելու համար։ Այս հարցում հաշվի է առնվելու նաև միջազգային կառույցների աշխատանքային գրաֆիկը, ինչը նշանակում է, որ տոն օրերը կօգտագործվեն ի վնաս Հայաստանի, իսկ Ադրբեջանում հայերի մնալը ռիսկային է, յուրաքանչյուր ավել օրը մարդկային կյանքեր կարող է արժենալ»,–ասել է նա։

Դիտարկմանը, թե Հայաստանի և Արցախի իշխանությունները հավաստիացնում էին, թե Քարվաճառում սպանություններ և այլ ծանր հանցագործություններ կատարելու համար  դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին Ադրբեջանին հանձնելով երաշխիքներ են ստեղծում մնացած հայ գերիների վերադարձի համար, Սահակյանը պատասխանել է.

«Եթե իսկապես նման երաշխիքներ էին ստացել, ապա անարգել մեկ-երկու թռիչքների միջոցով գերեվարված անձինք պետք է վաղուց արդեն վերադարձվեին, մանավանդ, որ Ադրբեջանը Հայաստանի հանդեպ ունի հայ գերիներին անհապաղ վերադարձնելու պարտավորություն»։

Իրավապաշտպանը հայտնել է, որ նմանօրինակ հավաստիացումները պարզապես նպատակ ունեն հուսադրելու գերիներին սպասող հարազատներին։

--00--ԱԹ