Որոտանի և Շուռնուխի հարցը կարող է ցավոտ իրավիճակի բերել. Փաշինյանը խոստանում է փոխհատուցել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

նկար նկար

Կառավարության՝ դեկտեմբերի 24-ի նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սյունիքում սահմանային կետերի տեղորոշման աշխատանքներին:

«Դրանք ունեն որոշակի նրբություններ ու որոշակի բարդություններ, բայց մեր համոզմունքն այն է, որ այդ աշխատանքը պետք է տեղի ունենա ու այդ աշխատանքը անհրաժեշտ է Սյունիքի ու Հայաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից», - ասել է վարչապետը և նկատել, որ այդ գործունեության հետ կապված կարող են լինել տարբեր մեկնաբանություններ:

«Երկու բնակավայր ունենք, որոնց հետ կապված կարող են ծագել որոշակի հարցեր. մեկը Որոտանի մասին է, երկրորդը՝ Շուռնուխի, որտեղ կան որոշակի սահմանային հարցեր, որոնց շուրջ ամենօրյա աշխատանք է տեղի ունենում», - ասել է Փաշինյանը, ապա հավելել, որ այդ հարցերը կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել:

«Ուզում եմ հավաստիացնել, որ կառավարությունը համարժեք փոխհատուցումներով հանդես կգա, ու մեր քաղաքացիների շահերը լիաժեք կլինեն պաշտպանված», - ասել է վարչապետը:

Ըստ Նիկոլ Փասշինյանի՝ ՀՀ միջազգայնորեն ընդունված, ճանաչված տարածքից ոչ մի միլիմետր զիջման մասին խոսք չի եղել ու չի կարող լինել, բայց սա չի նշանակում, որ այս պրոցեսները պետք է համարել սահմանների դեմարկացիա ու սահմանների դելիմիտացիա:

«Տեղի է ունենում սահմանային կետերի տեղորոշում, որի նպատակը անվտանգության ապահովումն է», - ասել է Փաշինյանը և տեղեկացրել է, որ հարցը քննարկել է ՀՀ սահմանապահ զորքերի հրամանատարի հետ, տվել կոնկրետ հանձնարարականներ գործընթացը հնարավորինս սահուն ապահովելու համար:

Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի միջև կնքվել է եռակողմ պայմանագիր, որի շրջանակում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ըստ համաձայնության՝ Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին, իսկ Հադրութի շրջանը՝ մասնակի:

--00—ԼՄ