Մեղրին կարող է Հադրութի ճակատագիրն ունենալ, վիճակը շատ լուրջ է․ համայնքապետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Մեր պարտության պրոցեսը չի վերանում, վիճակն ավելի է վատանում։ Ղեկավարության մեղքով ադրբեջանցիները նստել են Մեղրու սահմանագծին։ Նոյեմբերի 9-ին մեր տղերքը հրամանով իջել են Նռնաձորի դիրքերից։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը։

«Պատրաստ էի հարմարվել և սպասել մինչեւ սթափության ժամանակաշրջանը գար: Ճանապարհ փակելը մեր տեսակը չէ, բայց իրավիճակը լուրջ է։ Հադրութի օրինակը մենք ունենք։ Եթե ՀՀ մնացած տարածքներին այսպես շարունակելու դեպքում սպառնում է Ստեփանակերտի ճակատագիրը, մենք ասոցացվում ենք Հադրութի հետ։ Եթե իրադաձություններն այսպես են գնալու, Մեղրիին սպասվում է նույնը»,- ասել է նա։

Խոսելով նախորդ օրը Սյունիքում տեղի ունեցածի մասին՝ Զաքարյանը նշել է.«Մենք սահմանում ապրող ժողովուրդ ենք, ու մեր խնդիրները պետք է լուծվեն։ Գնացել էինք, որ Սյունիքի սահմանագլխին վարչապետի պատասխանը լսեինք։ 12 ավտոբուս ոստիկանության զորքեր էր բերվել, մարտական տրամադրվածությամբ եկել էին, ու չստացվեց Սյունիքի դարպասների մոտ մեր դիմավորելը»,- ներկայացնելով ստեղծված իրավիճակը՝ ասել է նա։

Համայնքապետը վստահեցրել է, որ իրենք ներկայացնում են բնակչության ճնշող մեծամասնության կարծիքը և չեն ուղղորդվում քաղաքական շահերով։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ