Սիսիանի հովվին «ծեծելով վերացնելու» կոչի մասով հաղորդում է ներկայացվել դատախազություն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

նկար

Սիսիանի հոգևոր հովվի նկատմամբ բռնություն գործադրելու կոչի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն։ Այս մասին 24news-ի հետ զրույցում ասաց փաստաբան Վաhան Հովհաննիսյանը։

«Դիմել ենք 226-րդ հոդվածով և 226․2 մասով։ 226 հոդվածը նախատեսում է կրոնական թշնամանք հարուցելուն ուղղված  գործողությունները։ Երբ ուսումնասիրում ենք Արսեն Ավագյան պաշտոնատար անձի կողմից կատարված հրապարակումները, տեսնում ենք, որ դրանք ուղղակիորեն ուղղված են կրոնական թշնամանք հարուցելուն,  քանի որ դրանք ոչ միայն հոգևոր հովվին են ուղղված, այլ ընդհանրապես Հայ առաքելական եկեղեցուն»,- ասաց փաստաբանը։

Նա նշեց, որ երթի տրամաբանությունից կարելի է հասկանալ՝ բոլոր գործողությունները համաձայնեցված են և բոլոր անձինք եկեղեցի են գնում միևնույն նպատակով։

«Այդ թշնամանք հարուցելուն ուղղված գործողությունները զուգորդված են հրապարակային կոչերով, բռնություն գործադրելու սպառնալիքով և պաշտոնական դիրքն օգտագործելով։ Այսինքն՝ ունենք  226․2 հոդվածի 3 կետի խախտում։ Չենք կարող երկու հոդվածով միանգամից քրեական գործ հարուցել, ուստի նկարագրել ենք երկու հոդվածներն ու վարույթ իրականացնող մարմնին խնդրել՝ ինքը գտնի՝ հոդվածներից ո՞րն է առկա Արսեն Ավագյանի գործողություններում»,-ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ Սիսիանի եկեղեցու քահանան այսօր չի սեղմել Փաշինյանի ձեռքը և նրան դուրս է հրավիրել եկեղեցուց, ինչից հետո Փաշինյանի տասնյակից ավելի աջակիցներ փորձել են Սիսիանի եկեղեցու վրա հարձակում գործել՝ քահանային հեռացնելու նպատակ ունենալով։

Ավելի ուշ քաղտեխնելեգ Կարեն Քոչարյանը հայտարարել էր, որ տեղեկություն ունի՝ հրահանգել են «ծեծելով վերացնել Սիսիանի հոգևորականին»:

Սոնա Գևորգյան

--00—ԼՄ