Միացյալ Թագավորությունից Հայաստան է ժամանել բժիշկների խումբ

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18,  24News

ԱՆ

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը և առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը ընդունել են Միացյալ Թագավորությունից ժամանած Շտապ բուժօգնության թիմի ղեկավար Անդի Կլարկին, բժիշկներ Փոլ Ռենսոմին, Ռեֆեկա Ինգլիսին, Պատրիսիա Մաքքրեդիին, ինչպես նաև ԱՀԿ ներկայացուցիչ Նունե Դոլյանին:

Թիմը Հայաստան է եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հովանու ներքո` աջակցելու մեր երկրում կորոնավիրուսային հիվանդության ծանր և ծայրահեղ ծանր դեպքերի կառավարման և համավարակի դեմ պայքարի գործում:

Մասնագիտական քննարկման ընթացքում բժիշկները ներկայացրել են իրենց ծավալած գործունեությունը, կիսվել տպավորություններով և կարճ ժամանակահատվածում ձեռք բերված արդյունքներով` ընդգծելով, որ հայ գործընկերների հետ համատեղ աշխատանքի ընթացքում նրանք ևս նոր գիտելիքներ են ստացել: Հյուրերը բարձր են գնահատել հայ մասնագետների նվիրումն ու պրոֆեսիոնալիզմը և բուժօգնության կազմակերպման բարձր մակարդակը` հավելելով, որ հայ բժիշկները մեծ պատրաստակամությամբ են համագործակցել:

Նշենք, որ նրանց կողմից անցկացվել են դասընթացներ բուժքույրերի և բժիշկների շրջանում, ինչպես նաև իրականացվել է փորձի փոխանակում:

Լենա Նանուշյանը շնորհակալություն է հայտնել բրիտանացի բժիշկներին մասնագիտական աջակցության համար, ինչպես նաև իրենց այցի ընթացքում կորոնավիրուսային հիվանդության բուժման հարցում բուժաշխատողների, այդ թվում բուժքույրերի համար իրականացվող գործնական դասընթացների համար` կարևորելով բուժքույրերի ընդգրկվածությունը համավարակի դեմ տարվող աշխատանքներում:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել բժիշկների շրջանում փոխանակման ծրագրերը, ինչպես նաև դասընթացները շարունակելու ուղղությամբ:

--00—ՄՀ