Մեր սուգը հավերժ է, ոչ թե երեք օր. Էդգար Ղազարյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

հասարակական

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մեր սուգը հավերժ է, ոչ թե երեք օր

2020 թվականի դեկտեմբերի 19-ին վարչապետի կողմից եռօրյա սուգ հայտարարելը սրբապղծության հերթական դրսևորում է։ Դա անբացատրելի ցինիզմ է, երբ մարդասպանը, դահիճը փորձում է ցավակցել իր գործողությունների հետևանքով սպանված մարդկանց հարազատներին, երբ մարդասպանը գնում է իր իսկ զոհի գերեզման։ Հասկանալի է զոհվածների ծնողների և հարազատների արդեն իսկ հայտարարված ցասումն ու արգելքը։ Եռաբլուրը մեր ընդհանուր սրբավայրն է, մեր արժանապատվությունը, մեր ինքնության մի մեծ մասը, որտեղ ոչ մի սրբապիղծ, առավել ևս այդ աննկարագրելի ցավը բոլորիս պատճառածը, ոչ միայն այդ օրը, այլև երբեք ոտք դնելու բարոյական իրավունք չունի։ Հայաստանում ոչ թե եռօրյա, այլև սուգ է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ ստահակի ձեռքով երերված մեր արժանապատվությունը չի վերականգնվել, քանի դեռ այն ինչի համար մեր հայորդիները զոհվեցին իրականություն չի դարձել, քանի դեռ մեղավորները չեն պատժվել մեզ մոտ սուգ է լինելու։ Ինչպես Հայոց Ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակն է անմար, այնպես էլ մենք մինչև կյանքի վերջ սգալու ենք մեր Հայրենիքի պաշտպանությանն իրենց կյանքը նվիրաբերած և պատերազմի հանցագործների մեղքով սպանված բոլոր նահատակներին։

Պարզվում է սակայն, որ ստահակը, տգետ է, ամեն ինչում է այդպիսին՝ Հայրենիքի վաճառելուց մինչև մեր զոհերի հիշատակը հարգելը։ Խնդիրը բարոյականից բացի ունի իրավական կարևոր ասպեկտ։ Հայաստանի Հանրապետությունում դեկտեմբերի 19-21-ը ներառյալ սուգ հայտարարելու մասին որոշումը կայացվել է վարչապետի կողմից (վարչապետի 2020 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 1367-Ա որոշում)՝ հղում անելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասին, համաձայն որի Կառավարության գործունեության կազմակերպմանն առնչվող հարցերով վարչապետն ընդունում է որոշումներ, ինչպես նաև տալիս է հանձնարարականներ: «Հարգելի» հայրենիքավաճառ անգրագետներ, այդ որ օրվանից է համազգային սգո օրը դարձել կառավարության գործունեության կազմակերպմանն առնչվող հարց։ Դուք իրոք չեք հասկանում։ Ակնհայտ է, որ համապետական հիշատակի օր և դրանից բխող միջոցառումները, որտեղ հիշատակվում են նաև պետական իշխանության համակարգի մաս չկազմող տեղական ինքնակառավարման մարմինները, որևէ առնչություն չի կարող ունենալ կառավարության գործունեության կազմակերպման հետ։ Երկու տարի յոթ ամիս վարչապետ աշխատաց այս մարդը չի հասկանում ինչ է կառավարության գործունեություն, իսկ մենք դեռ միամտաբար կարծում ենք որ նա կարող է հասկանալ իր ապիկար ու հանցավոր գործունեության արդյունքում մեր Հայրենիքին հասցված անդառնալի հետևանքները:

Ավելին, «Տոների և հիշատակի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունում կառավարության որոշմամբ կարող են նշվել նաև օրենքի կարգավորումից դուրս գտնվող այլ հիշատակի օրեր։ Այսինքն մեր նահատակների մահվան մեղքը կրողը վարչապետը, անգամ նրանց հիշատակի միջոցառումները փորձում է նշել ապօրինաբար՝ կատարելով իշխանության յուրացում, պաշտոնական լիազորությունները անցնել իրեն վերագրելով կառավարության լիազորությանը վերապահված հարցեր»։

--0--ԿԿ