Թուրքիան ռազմանավեր և ԱԹՍ-ներ կվաճառի Ուկրաինային

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18,  24News

թուրքիա

Ուկրաինան ցանկանում է Թուրքիայի հետ ընդլայնել համագործակցությունը ռազմական ոլորտում։

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրի գլխավորած պատվիրակության՝ Ուկրաինա կատարած այցի ընթացքում որոշվել է խորացնել պաշտպանական արդյունաբերության ոլորտում առկա համագործակցությունը։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Կիևում Թուրքիայի և Ուկրաինայի միջև համաձայնագրեր են ստորագրվել։ Ըստ այդմ՝ Թուրքիան կբավարարի Ուկրաինայի նավատորմի կարիքները՝ Կիևին տրամադրելով թուրքական տեղական արտադրության «Ada» հակասուզանավային կորվետներ և անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ)։ Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչությունը։

Կորվետ - ռազմանավերի դաս, որոնք նախատեսված են ափամերձ գոտում պարեկային և պահակային ծառայության համար: Կորովետների հիմնական խնդիրներն են պարեկային և հակա-սուզանավային պաշտպանությունը ափերին:

Նշենք, որ Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը թուրքական պատվիրակության հետ հանդիպմանը հայտարարել էր, որ իրենք հույս ունեն թուրքական տեխնոլոգիաների և ներդրումների շնորհիվ Ուկրաինայի ռազմարդյունաբերությունը զարգացնել։ Նախարարի խոսքով՝ այդ նախագծերի կյանքի կոչմամբ նպատակ ունեն Սև և Ազովի ծովերում ուժեղացնել նավատորմը՝ ապահովելու համար պետության անվտանգությունը։

Հիշեցնենք, որ 2020թ․ փետրվարի 3-ին Թուրքիայի և Ուկրաինայի միջև ռազմաֆինանսական համագործակցության և օգնության վերաբերյալ համաձայնագիր էր ստորագրվել։

Ավելի վաղ ուկրաինական «Ukroboronprom» ընկերությանը կից «Ukrspetseksport»-ի և թուրքական «Baykar» մեքենաշինական ընկերության միջև զենքի և օդատիեզերական տեխնոլոգիաների ոլորտում համատեղ կազմակերպություն էր հիմնվել։ 

Իսկ հոկտեմբերին Անդրեյ Տարանն ու Իսմայիլ Դեմիրը ռազմական նավերի, ԱԹՍ-ների և բոլոր տեսակի տուրբինային շարժիչների կառուցման համատեղ նախագծեր սկսելու և իրականացնելու մտադրության մասին հուշագիր էին ստորագրել:

 --00—ՄՀ