ԵՄ-ին չի հաջողվել հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

նկար
Интерфакс-ը, հղում անելով ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին, գրում է, որ ԵՄ-ին չի հաջողվել եռակողմ հանդիպում կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ: 

Աղբյուրը հայտնում է, որ ԵՄ դիվանագիտության ղեկավարն այս շաբաթ Բրյուսել կատարած այցի ընթացքում փորձել է եռակողմ հանդիպում անցկացնել 2 նախարարների հետ, բայց դա տեղի չի ունեցել:

«Քանի որ երկու նախարարներն էլ կապ էին պահպանում ինձ հետ, մենք փորձեցինք եռակողմ հանդիպում հաստատել՝ Եվրամիությունը, Հայաստանը և Ադրբեջանը: Պարզվեց, որ դա անհնար է, ուստի ես երկու նախարարների հետ էլ առանձին եմ հանդիպելու»,- ասել է Բորելը:

Աղբյուրը նաև հիշեցնում է, որ դեկտեմբերի 17-ին Բրյուսելում տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի նիստ, որին մասնակցել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը, իսկ այսօր տեղի կունենա ԵՄ-Ադրբեջան համագործակցության խորհրդի նիստ, որտեղ Բորելը բանակցություններ կվարի Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Նշենք, որ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի միջև կնքվել է եռակողմ պայմանագիր, որի շրջանակում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ըստ համաձայնության՝ Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին, իսկ Հադրութի շրջանը՝ մասնակի, սակայն բախումները լիակատար չեն դադարել: 

--00—ԼՄ