Հայտնի է՝ ինչու են հայկական ուժերը դիրքերից հետ իջել. իրավիճակը Սյունիքում․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18,  24News 

սահման զինվոր 11

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ՝ ամբողջ օրը, լարված իրավիճակ էր ՀՀ Սյունիքի մարզում: Վաղ առավոտից սյունեցիները, մի քանի համայնքների ղեկավարներ փակել էին Երեւան-Կապան ավտոճանապարհը, բացատրություն էին պահանջում, թե ինչ անվտանգության երաշխիքներ են իրենց տրվելու, եւ ինչ է սպասվում առաջիկայում, երբ իրենց կհրահանգվի հարակից բարձունքները հանձնել թշնամուն:

Իրավիճակն ավելի լարվեց այն ժամանակ, երբ Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը հայտարարեց, թե այսօր Կապանի եւ 13 գյուղերի բարձունքները հանձնելու են Ադրբեջանին, ինչի համար ժամանակ է տրված մինչեւ այսօր՝ 17:00-ն: Իսկ ի՞նչ դիրքերի մասին է խոսքը:

«ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նոյեմբերի 9-ի լույս 10-ի հայտնի ոչ հայանպաստ հայտարարության օրը՝ դեռ մինչեւ փաստաթղթի ստորագրումը, հայկական կողմը նպաստավոր պայմաններով դիրքավորվել է: Եվ, ահա, այսօր, երբ պետք է արդեն սահմանազատման աշխատանքներ իրականացվեն, ստացվել է այնպես, որ հայկական ուժերն ավելի առաջ են կանգնած, քան պետք է, եւ դիրքերից հետ իջնելը դրանով է պայմանավորված:

Խոսքը Կուբաթլուի եւ Զանգելանի հատվածների մասին է, որի շուրջ էլ սպասվող լարվածության մասին խոսել էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիրակի օրը տեղի ունեցած անվտանգության խորհրդի ժամանակ:

Երեկ սյունեցիներին հանդիպել է նաեւ նորանշանակ մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, փորձել բացատրել իրավիճակը, ներկայացրել, թե ինչ է լինելու այդ հատվածներում: Իսկ, ահա, նախկին փոխմարզպետ, այժմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը հայտել է. «Օդանավակայանի գործարկման հետ կապված խնդիրներ չեն առաջանալու։ Կապան-Ագարակ (գյուղ) ավտոճանապարհը շարունակելու է բնականոն շահագործվել։ ՌԴ սահմանապահներ են տեղակայվելու սահմանի որոշ հատվածներում անվտանգությունը ապահովելու նպատակով (նաեւ Գորիս_Կապան մայրուղի):

Կապանի եւ Սյունիքի անվտանգությանը ոչինչ չի սպառնում: Մնում է սպասել՝ ինչ կլինի այսօր եւ հետագայում, սակայն չի բացառվում՝ մինչ 17:00-ն Սյունիքում կրկին լարված լինի: Նշենք, որ պաշտպանության նախարարը Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներին վստահեցրեց, որ ՀՀ տարածքներից որեւէ մետր չի զիջվելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ