Հետպատերազմյան Արցախում այժմ հիմնական ջանքերն ուղղված են սակրավորական աշխատանքների վրա

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

հասարակական

ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը տեղակալների ուղեկցությամբ այցելել է Ասկերանի շրջանի Իվանյան համայնք, որտեղ տեղակայված են Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների, քաղաքացիական պաշտպանության և աղետների հետևանքների վերացման նախարարության անձնակազմը: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Կարեն Սարգսյանին դիմավորել է ՌԴ ԱԻՆ փրկարարական կազմավորումների դեպարտամենտի տնօրեն գեներալ-լեյտենանտ Իգոր Կուտրովսկին:

Հետպատերազմյան Արցախում այժմ հիմնական ջանքերն ուղղված են սակրավորական աշխատանքների վրա: Ի.Կուտրովսկին արցախցի գործընկերներին է ներկայացրել  ռուսական արտադրության գերժամանակակից հատուկ ավտոմեքենան, որը հագեցած է ինժեներասակրավորական սարքավորումներով:  

Արցախի տարածքը որտեղ ռազմագործողություններ են տեղի ունեցել, հնարավոր վտանգից մաքրվում և ավելի  անվտանգ է դառնում  հատուկ հեռակառավարվող ռոբոտների և սարքավորումների միջոցով: 

ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն իր երախտագիտությունն է հայտնել ռուս գործընկերներին, նշել, որ Արցախի ու արցախցիների համար անգնահատելի է ՌԴ ԱԻՆ հումանիտար գործունեությունը: 

Իգոր Կուտրովսկին խոսել է արտակարգ իրավիճակներում առաջիկայում սպասվող  ավելի ընդլայնված համագործակցության մասին: 

Նշենք, որ գործընկեր կառույցների միջև համագործակցությունը սկսվել է նոյեմբերից՝ հաստատված զինանդադարից անմիջապես հետո: Ռուս գործընկերները ևս ընդգրկվել են փրկարարական աշխատանքներում: 

--0--ԿԿ