Սյունիքի մարզպետը վստահեցնում է՝ վիճակը հանգիստ է. ադրբեջանցիները խոսել են բարձրախոսով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

հասարակական

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը վստահեցնում է, որ մարզի սահմաններում իրավիճակը նորմալ է, պաշտպանությունը պատշաճ մակարդակի վրա է, հերքում է դեկտեմբերի 13-ին համացանցում տարածված տեղեկությունները, թե Ագարակ գյուղի ուղղությամբ և Կապանի պաշտպանական դիրքերի վրա հակառակորդը հարձակման փորձ է արել:

 «Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադառնալով այդ տեղեկություններին՝ մարզպետն ասաց. «Սխալ են ասում, նման բան չկա: Ամեն ինչ հանգիստ է: Մեր զորքերն իրենց տեղում են, կատարում են իրենց առաքելությունը: Սյունիքի մարզում պաշտպանությունը լրիվ իր տեղն է, նման խնդիրներ չկան»,-ասաց մարզպետը՝ հերքելով հարձակման փորձերի մասին տեղեկությունները:

Նրա խոսքով՝ մարզում բարոյահոգեբանական վիճակը ևս կայուն է, ամեն ինչ հանգիստ է: Մարզպետը հորդորեց տարատեսակ ինֆորմացիաներին ականջալուր չլինել:

Պողոսյանի խոսքով՝ հակառակորդը նախորդ օրը խրամատից բարձրախոսով մի երկու բառ է ասել:

«Դավիթ Բեկի ուղղությամբ ձախ թևում և Ներքին Խնձորեսկից դեպի աջ առաջնագծից հակառակորդը բարձրախոսով ասել է՝ հետ գնացեք ձեր վարչական տարածքները մինչև այսինչ ժամը: Սակայն չի նշանակում, թե մենք պետք է իրենց հրամանը կատարենք»,-ասաց մարզպետը:

--0--ԿԿ