Ի՞նչ է եղել Խծաբերդում և Հին Թաղերում, ինչո՞ւ ռուս խաղաղապահները տեղում չէին. մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Արման Աբովյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը:

Նիկոլ Փաշինյանը դեկտոմբերի 12-ին գրանցված մարտական գործողություներից որոշակի մանրամասներ է ներկայացրել:

«Արցախի Խծաբերդ, Հին Թաղեր հատվածում երեկ մեր դիրքերը հարձակման են ենթարկվել ադրբեջանական ստորաբաժանումների կողմից, որոշ տեղեկությունների համաձայն՝ մասնակցություն են ունեցել նաև թուրքական հատուկ նշանակության ջոկատներ:

Հարձակումը տեղի է ունեցել այն պայմաններում, երբ ռուսաստանյան խաղաղապահները դեռևս չէին հասցրել տեղակայվել տվյալ հատվածում և գրոհ է տեղի ունեցել: Մեր Զինված ուժերի, Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները մարտի են բռնվել, դիմադրություն են ցույց տվել: Մենք ունենք առնվազն 6 վիրավոր, կան այլ տուժածներ, որոնց վերաբերյալ տեղեկությունը ճշտվում է»,-ասել է Փաշինյանը ու տեղեկացրել, որ երեկ արդեն մարտական գործողությունների մեկնարկից որոշ ժամանակ անց ռուս խաղաղապահ փոքր ստորաբաժանում մոտեցել է մարտական գործողությունների գոտի, որի արդյունքում մարտերը դադարել են, բայց որոշակի հատված՝ Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերն անցել են Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատների վերահսկողության ներքո:

«Այսօր առավոտվանից ռուսական խաղաղապահներն ավելի մեծ ուժերով մուտք են գործել տվյալ հատված և այս պահին իրավիճակը հարաբերականորեն կայուն է, առնվազն խաղաղապահների ներկայությունն այդտեղ որոշակի վստահություն է տալիս, որ հետագա էսկալացիայից խուսափելու շատ մեծ հավանականություն կա»,-ասել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նաև նշել է, որ խնդիր է դրված, որ այդ հատվածում իրավիճակը լիարժեք համապատասխանեցվի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության դրույթներին, որտեղ հստակ արձանագրված է, որ հայտարարության ընդունման պահից զորքերը մնում են իրենց դիրքերում շփման գծի երկայնքով:

«Այսինքն՝ այստեղ նրբությունը նրանում է, որ Խծաբերդ, Հին Թաղեր հատվածը գտնվում է Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի վարչական սահմաններից ներս և հետևաբար լիարժեք այդ պայմանավորվածությունների տրամաբանությունից է բխում, որ պետք է գտնվի հայկական ուժերի վերահսկողության ներքո, որովհետև նոյեմբերի 9-ի դրությամբ այդ տարածքները եղել են հայկական, Պաշտպանության բանակի վերահսկողւթյան ներքո:

Անկախ ռուս խաղաղապահների ներկայությունից, ադրբեջանական ուժերի երեկվա գործողությունները միանշանակ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության դրույթների խախտում են և այսօր Արտաքին գործերի նախարարությունն իր հայտարարությամբ հստակ արձանագրել է դա»,-ասել է նա:

Ի՞նչն է հապաղման պատճառը, որ հարձակման պահին խաղաղապահները տեղակայված չեն եղել այնտեղ, դա առանձին քննարկման և վերլուծության նյութ է, կարծում է Նիկոլ Փաշինյանը:

«Այս պահին ամենակարևորն այն է, որ խաղաղապահները բավական շոշափելի ուժերով մուտք են գործել տարածք, որը պիտի բացառի ադրբեջանական ուժերի հետագա առաջխաղացումը: Իհարկե, Պաշտպանության բանակի ուժերը նույնպես ներկա են այնտեղ, բայց խաղաղապահների ներկայությունը վստահություն է տալիս, որ այնտեղ հնարավոր կլինի որոշակի կայունություն պահպանել»,-ասել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նաև նշել է, որ ի սկզբանե եղել են որոշակի հակասություններ Հին Թաղեր, Խծաբերդ հատվածի իրադրության գնահատման շուրջ այն առումով, թե նոյեմբերի 9-ի դրությամբ ով որտեղ է գտնվել:

«Սա, իհարկե, գուցե ոչ հետաքրքիր, բայց կարևոր նրբություն է, որովհետև նաև սա կապ ունի իրադրության հետ, որովհետև կան տարբեր վարկածներ, տարբեր մեղադրանքներ, թե ով ամսի 9-ի դրությամբ որտեղ է գտնվել և ամսի 9-ից հետո որտեղ է հայտնվել: Մենք, Պաշտպանության բանակը վստահ ենք մեր դիրքորոշումների և ճշմարտացիության վրա և իհարկե հետևողականորեն կաշխատենք նաև դա մեր միջազգային գործընկերներին ցույց տալու և իրադրությունը մեր ունեցած փաստարկների շրջանակում կառավարելու համար»-ասել է Փաշինյանը:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս