Այսօրվա հարձակմամբ՝ փաստաթղթի 1-ին կետը խախտվում է և կարող է խախտվել նաև հետագայում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

էդմոն

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի՛ քաղաքացիներ,

Ըստ Արցախից ստացվող տեղեկությունների՝ ադրբեջանական զինուժը Արցախի Հադրութի շրջանի (ԼՂԻՄ) Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի վրա է հարձակվել ու, ըստ որոշ աղբյուրների, գրավել դրանք՝ խախտելով Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն․ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի. Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ․ Պուտինի կողմից 2020թ․ նոյեմբերի 09-ին ստորագրված եռակողմ հայտարարության 1-ին կետը, որի համաձայն՝ 2020թ. նոյեմբերի 10-ից հակամարտության գոտում հայտարարվում է ամբողջական հրադադար և բոլոր ռազմական գործողությունների ավարտ, իսկ կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում:

Վերոնշյալ տարածքի գյուղերը մնացել էին հայկական վերահսկողության ներքո, ավելին՝ դրանք նախկին ԼՂԻՄ, այլ ոչ թե 7 շրջանների մաս են կազմում։

Այս պահին կարող ենք հստակ արձանագրել, որ այսօրվա հարձակմամբ՝ ստորագրված փաստաթղթի 1-ին կետը խախտվում է և, ըստ այդմ, կարող է խախտվել նաև հետագայում, ու կարող են խախտվել նաև այլ կետերը։

Հայաստանի Հանրապետության իշխանությունները, եթե այդպիսիք կան, այս առնչությամբ պետք է քայլեր ձեռնարկեն, կապվելով Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, քննարկելու համար եռակողմ հայտարարության կոպիտ խախտման փաստն ու մեր հետագա գործողությունները՝ ամբողջական հրադադարի հայտարարության այս և հետագա հնարավոր այլ խախտումների առկայության պայմաններում»։

--00--ԱՀ