Բաքվում շքերթի ժամանակ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հոխորտանքը տրամաբանություն չունի

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12,  24News

Արտակ Թովմասյան

Բաքվում տեղի ունեցած շքերթի ժամանակ Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների հոխորտանքը, որով փորձում էին Հայաստանի ու հայկական բանակի նկատմամբ հաղթանակ բեմադրել, որեւէ տրամաբանություն չունի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Թովմասյան բարգործական ընկերության հիմնադիր Արտակ Թովմասյանը, որը որոշել է նոր կուսակցություն հիմնել:

Նա, մասնավորապես, նշել է. «Հայկական բանակը պարտություն չի կրել, կռվել եւ դիմադրել է հերոսաբար, սակայն նրանց արյան գնով պաշտպանած տարածքները, Հայաստանը ղեկավարող Նիկոլ Փաշինյանը, գիշերային դավադիր կապիտուլյացիայի ակտի արդյունքում, հանձնել է թշնամուն:

Հետեւաբար, այդ ռազմական շքերթը ոչ թե հայկական բանակի ու հայ ժողովրդի պարտության արձանագրումն է, այլ Նիկոլ Փաշինյանի եւ Հայաստանի իշխանությունների դիվանագիտական մտքի տկարության, ապաշնորհ կառավարման եւ դավաճանական վարքագծի արձանագրումը:

Հայաստանում նրանց իշխանավարության ամեն մի ժամը բերելու է նորանոր խայտառակ ձախողումների` արտաքին ճակատում եւ երկրի ներսում, հետեւաբար` օր առաջ անհրաժեշտ է արտահերթ ընտրությունների միջոցով ձեւավորել նոր Ազգային ժողով եւ բացառապես արհեստավարժ եւ անբիծ կենսագրություն ունեցող անձանցից կազմված կառավարություն, որը կհամախմբի հայության ներուժը, կստեղծի նոր որակի պետություն, որի հետ այլեւս որեւէ մեկը չի կարող խոսել սպառնալիքի ու շանտաժի լեզվով»:

 --00—ՄՀ