Հայ դատը կազմակերպում է արտասահմանյան պատվիրակությունների այցելություններ դեպի Արցախ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

քաղաքական

2020 թ․ նոյեմբերի 10-ին ստորագրված կապիտուլյացիոն հայտարարությունից հետո Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները նույն թափով շարունակում են իրականացնել հայության շահերի պաշտպանության աշխատանքներ ամբողջ աշխարհում։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի Կենտրոնական Գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտելու, Արցախի տարածքային ամբողջականության վերականգնմանը նպաստելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը վերականգնելու, գերիների եւ զոհվածների մարմինների փոխանակման խնդիրը բարձրացնելու ուղղությամբ կատարվում են մեծ ծավալի աշխատանքներ։ Հատուկ ուշադրություն է դարձվում ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ տարբեր երկրներում ներքաղաքական քննարկումներ, խորհրդարանական լսումներ իրականացնելու վրա, որոնք արդեն իսկ վերաճում են կոնկրետ բանաձեւերի ընդունումների Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների կողմից շարունակվում են արտասահմանյան պատվիրակությունների, մեր ժողովրդի օտարազգի բարեկամների եւ լրագրողների այցելությունների կազմակերպումը դեպի Արցախ, որպեսզի նրանք տեղում ծանոթանան առկա իրավիճակին եւ առավել առարկայորեն կարողանան օգտակար լինել եւ/կամ իրավիճակը ներկայացնել միջազգային հանրությանը։

Նախընթաց ամսվա հիմնական ձեռքբերումները ըստ տարածաշրջանների ներկայացվում են ստորեւ։

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի աշխատանքները հիմնականում կենտրոնացված են Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառման եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի վերականգնման ուղղությամբ։ Այս համատեքստում Վաշինգտոնի գրասենյակից հայտնում են, որ նոյեմբերի 13-ին, կոնգրեսականներ Ֆրանք Փալոնը, Բրեդ Շերմանը, Քարոլին Մալոնին, Լորի Թրահանը, Թոնի Քարդենասը, Ջուդի Չուն եւ ուրիշներ իրենց ելույթներում սատարել են Ադրբեջանական ագրեսիային ենթարկված հայությանը եւ պաշտոնական Վաշինգտոնին կոչ արել վերականգնել բանակցային գործընթացի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը։ Նոյեմբեր 17-ին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ռոբերտ Մենենդեսն է հանդես եկել բավական կոշտ ելույթով եւ Մինսկի խմբի ձեւաչափի վերականգնման կոչին զուգահեռ՝ ԱՄՆ իշխանություններին հորդորել է 100 միլիոն դոլարի հումանիտար օժանդակություն հատկացնել, ինչպես նաեւ դադարեցնել Բաքվին եւ Անկարային ամերիկյան զենքերի վաճառքը։ Արդեն նոյեմբերի 18-ին հայտարարությամբ է հանդես եկել Կոնգրեսի հայկական հարցերով խումբը։ Վերջինիս համանախագահներ Ֆրանք Փալոնը, Գուս Բիլիրակիսը, Ջեքի Սփեյերը եւ Ադամ Շիֆը ԱՄՆ Պետքարտուղարությանն ուղղված հայտարարություն են տարածել ի թիվս այլնի՝ կարեւորելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, հումանիտար ճգնաժամի կանխմանը օժանդակելը։ Նոյեմբերի 22-ին Թուրքիային եւ Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու նախաձեռնություն է սկսել կոնգրեսական Դեվին Նունսը:

Այս ժամանակահատվածի թերեւս կարեւորագույն արդյունքը եղավ այն, որ ԱՄՆ Ազգային պաշտպանության հաստատման վերաբերյալ օրենքի նախագծում առկա հակահայկական մի շարք ձեւակերպումներ, որոնք առաջ էին քաշվել Կոնգրեսի թուրքական հարցերով խմբի կողմից, չեզոքացվեցին։ Հակահայկական ձեւակերպումները վերաբերում էին Ուկրաինայում, Մոլդովայում, Վրաստանում եւ Ադրբեջանում ներքին տեղահանված անձանց կարգավիճակին։ Լոբբիստական գործունեության համալիր գործիքակազմով, որը ներառում էր նաեւ շուրջ 100․000 նամակների հղում կոնգրեսականներին, հակահայկական ձեւակերպումները օրենքի նախագծից հանվեցին։

Եվրոպա

Բելգիա

Պատերազմի վերջին շաբաթվա ընթացքում ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի կազմակերպմամբ, փաստահավաք առաքելությամբ Արցախում էր գտնվում Բելգիայի Դաշնային Խորհրդարանի պատգամավոր Ջորջ Դալեմանը։ Վերադառնալով Բելգիա՝ Դալլեմանը խորհրդարանում վկայեց ադրբեջանական բանակի կողմից իրականացված սարսափելի ռազմական հանցագործությունների մասին: Նա կոչ արեց Բելգիայի կառավարությանը հստակ դատապարտել Թուրքիային եւ Ադրբեջանին, ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը եւ հումանիտար օգնություն ուղարկել հայ վիրավորներին եւ փախստականներին:

Հայ դատի Եվրոպայի կենտրոնական գրասենյակի եւ Հայ դատի Բելգիայի հանձնախմբի ջանքերով՝ Բելգիայի Դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դեկտեմբերի 2-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ բանաձեւ՝ դատապարտելով Արցախի նկատմամբ Ադրբեջանական ագրեսիան, ինչպես նաեւ կոչ է անում Բաքվին զորքերը դուրս բերել Արցախի գրավյալ տարածքներից։ Բանաձեւով կոչ է արվում նաեւ անդրադառնալ Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչմանը, ինչպես նաեւ կարեւորվում է Մինսկի խմբի ձեւաչափի վերականգման անհրաժեշտությունը։ Բանաձեւը դեռ պետք է քվեարկվի Դաշնային Խորհրդարանի լիագումար նիստում եւ ըստ ամենայնի կընդունվի։

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի կազմակերպմամբ դեկտեմբերի 2-6ը Հայաստան եւ Արցախ այցելեցին Արցախի հետ Բելգիայի ֆրանսախոս բարեկամության խմբի անդամները։ Նրանք հանդիպումներ ունեցան Արցախի մարդու իրավունքների պաշտպանի, արցախցի խորհրդարանականների, արտաքին գործերի փոխնախարարի հետ, այցելեցին ներքին տեղահանված անձանց կեցավայրեր, եղան Ստեփանակերտի հիվանդանոցում եւ հրետակոծված թիվ 10 հիմնական դպրոցում, տեղում իրականացրեցին փաստահավաք աշխատանք։ Պատվիրակության անդամները հիմնականում ներկա ու նախկին խորհրդարանականներ էին։ Պատվիրակությունը ղեկավարում էր Արցախի հետ Բելգիայի ֆրանսախոս բարեկամության խմբի համակարգող Անդրե դը Բյուսը, Բրյուսելի Ֆրանկոֆոն Խորհրդարանի նախկին նախագահ Ժուլի դը Գռոտը, Բրյուսելի Խորհրդարանի պատգամավոր Էմանուել դը Բոկը, Ժետի քաղաքապետ Հերվե Դոյենը եւ պատերազմական հայտնի լրագրող Ժոզի Դուբիեն։

Ֆրանսիա

Հայ դատի Ֆրանսիայի հանձնախումբը կարեւոր ներդրում է ունեցել Ֆրանսիայի Սենատի եւ Ազգայի Ժողովի կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչման անհրաժեշտության մասին բանաձեւերի ընդունման գործում։ Իրենց բնույթով աննախադեպ այս բանաձեւերով Ֆրանսիայի գործադիր իշխանությանը կոչ էր արվում ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը, դատապարտվում էր Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան։

Մեծ Բրիտանիա

Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախմբի աշխատանքի արդյունքում հաջողվել է դեկտեմբերի 8-ին ՄԹ Լորդերի պալատում հասնել Արցախի հարցով խորհրդարանական քննարկման, որին մասնակցել են հինգ կուսակցությունների (Պահպանողական, Լեյբորիստական, Շոտլանդական ազգային, Ժողովրդավարական կուսակցություններ) ներկայացուցիչներ։ Խորհրդարանականների ելույթները գլխավորապես արտացոլում էին հայկական տեսակետները, բրիտանացի խորհրդարանականներն անդրադարձան հակամարտության նախապատմությանը, վերջին պատերազմին եւ ադրբեջանական հանցանքների ամբողջ շրջանակին։

Հոլանդիա

Նիդեռլանդների Հայ Դատի հանձնախումբը ողջունել է Նիդեռլանդների խորհրդարանի կողմից 2020թ․ դեկտեմբերի 11-ին Արցախի մասին ընդունված բանաձեւը: Խորհրդարանը հակամարտության վերջնական կարգավորումը տեսնում է տուժած բնակչության համար կայուն անվտանգություն ապահովելու մեջ, ինչպես նաեւ խաղաղության եւ Արցախի կարգավիճակի հաստատման համար՝ ապահովելով Արցախի անվտանգությունը: Խորհրդարանը բանաձեւի միջոցով դիմում է կառավարությանը՝ ԵԱՀԿ Միսնկի խմբի շրջանակներում հակամարտության կարգավորման իրականցաման համար ջանքեր գործադրելու։

Ըստ Հայ Դատի հանձնախմբի, նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ համաձայնագիրը Նիդեռլանդների եւ եվրոպական մի շարք երկիրների կողմից չի նկատվում որպես հարատեւ խաղաղություն ապհովելու երաշխիք, հետեւաբար այս տեսակ բանաձեւերը միտված են արտահայտելու եվրոպական երկրների դիրքորոշումը Արցախի կարգավորման հարցով:

Կանադա

ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախումբը շարունակում է աշխատանքները կանադական հասարակական-քաղաքական շրջանակների, նահանգային եւ ֆեդերալ խորհրդարանների հետ։ Աշխատանքի հիմնական ուղղություններն են Կանադայի կողմից Թուրքիա զենքի արտահանման արգելք սահմանելը, Թուրքիայում կանադական զենքի եւ ռազմական նշանակության արտադրանքի հայտնվելու հետաքննությունը, Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը, ապակենտրոն համագործակցությունը եւ այլն։

Դեկտեմբերի 9-ին հանձնախումբը խորը հիասթափություն է հայտնել կանադական խորհրդարանում Լեո Հուսակուսի ներկայացրած բանաձեւի քվեարկության արդյունքերից։ Բանաձեւի նախագծով առաջարկվում էր դատապարտել Արցախի նկատմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիան, արգելել զենքի վաճառքը Թուրքիային եւ ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։ Հայ դատի Հանձնախումբը հայտարարել է, որ չնայած այս ձախողմանը, կանադահայ համայնքի աշխատանքները՝ Արցախի անկախության ճանաչմանը հասնելու համար, չեն դադարելու։ Հանձնախումբը նաեւ շնորհակալություն է հայտնել բանաձեւի նախագծի հեղինակներին եւ դրան կողմ քվեարկած խորհրդարանականներին։

Ավստրալիա

Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը նույնպես ակտիվորեն շարունակել է իր աշխատանքները, որոնց ընթացքում հանձնախումբը առավելապես գործադրել է իր խորհրդարանական կապերը եւ քարոզչական գործիքները։

Ավստրիալիայի Խորհրդարանում շարունակում են հնչել բազմաթիվ կոչեր՝ ուղղված երկրի գործադիր իշխանությանը՝ ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը։ Դրանցից մեկը օրինակ, դեկտեմբերի 10-ին պատգամավոր Ջոել Ֆիցգիբնի ելույթն էր։

Դեկտեմբերի 9-ին հանձնախմբի անդամները Խորհրդարանում հանդիպում են ունեցել Ավստրալիա-Հայաստան միջխորհրդարանական խմբի ավստրիալացի անդամների հետ եւ քննարկել ռազմագերիների վերադարձի, քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանման, 100․000 փախստականների, Մինսկի խմբի ձեւաչափի վերականգման եւ Ավստրալիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման հարցերը։

Իրականացվում են նաեւ բողոքի գործողություններ, որոնցից մեկը տեղի ունեցավ դեկտեմբերի 11-ին, Կանբերայում՝ Ավստրալիայի Խորհրդարանի, ցույցին ակտիվորեն մասնակիցում էին Ավստրալիայի ՀՅԴ երիտասարդական միության անդամները։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակը պարբերաբար հրապարակում է Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների գործունեության ամփոփագրեր, որոնք լրատվամիջոցներին, հասարակական լայն շրջանակներին, մասնագիտական ու քաղաքական հանրույթներին հնարավորություն են տալիս կենտրոնացված եւ հավաստի տեղեկատվություն ստանալ ՀՅԴ Հայ դատի համաշխարհային ցանցի գործունեության վերաբերյալ, իրազեկ լինել սփյուռքի քաղաքական գործունեության ընթացիկ արդյունքներին եւ եւ մեր առջեւ ծառացած խնդիրներին։

--0--ԿԿ