Ոստիկանները բերման են ենթարկել մարիխուանա իրացնող տղամարդու. նա կալանավորվել է

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10,  24News

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտումը, հետախուզական միջոցառումների հստակ ծրագրից զատ, հաճախ նաև ոստիկանության տարբեր ստորաբաժանումների համագործակցություն է պահանջում: Հենց այդպիսի փոխգործակցության շնորհիվ իրավապահներն օրերս ապօրինի թմրամշրջանառության հերթական դեպքը բացահայտեցին:

Դեկտեմբեր 1-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները մայրաքաղաքի տարբեր փողոցներից, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման ենթարկեցին վեց քաղաքացու։ Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մարիուխունա տեսակի թմրամիջոց, մեկի գրպանից՝ նաև դանակ:

Հետագա միջոցառումներով պազվեց, որ հիշյալ անձանց թմրանյութն իրացրել էր Բագրատունյաց պողոտայի 55-ամյա մի բնակիչ: Նա բերման ենթարկվեց ոստիկանության Շենգավիթի բաժին: 55-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 8 փաթեթ մարիխուանա:

Հարուցվել է քրեական գործ։
Բերման ենթարկված տղամարդը կալանավորվել է։
Կատարվում է նախաքննություն։

--00--ԱՀ