Գյումրին այս տարի ամանորյա զարդարանք ու տոնածառ չի ունենա

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

հասարակական

Գյումրիի ավագանին դեկտեմբերի 10-ին կայացած նիստի ժամանակ միաձայն որոշեց, որ քաղաքն ամանորյա զարդարանք չի ունենա, չի տեղադրվի նաև գլխավոր տոնածառը:

Ինչպես  իր խոսքում նշեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝  այս Ամանորին չի լինի ո՛չ տոնածառ, ո՛չ  զարդարանք. միակ զարդարանքը կլինի քաղաքապետարանին և «Անի» թաղամասում ամրացված «Շնորհավոր 2021» գրությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, չնայած  ամանորյա զարդարանք չի լինի , բայց սոցիալապես  անապահով 5 հազար երեխաներ    այս տարի ևս կստանան ամանորյա պարկեր: Ավագանին միաձայն կողմ քվեարկեց նաև   «Ամանորյա տոների  կապակցությամբ դրամական օգնություն հատկացնելու մասին»   որոշմանը, ըստ որի՝  տոների առթիվ դրամական օգնություն կստանան Հայրենական Մեծ պատերազմի վետերանները, Արցախյան ազատամարտի ժամանակ զոհված ազատամարտիկների ընտանիքները, զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքները, Գյումրու զինկոմիսարիատում հաշվառված հաշմանդամ զինծառայողները, 1956թ հոկտեմբերին Հունգարիայի հեղաշրջման ճնշմանը մասնակից վետերանները: «Ցավոք, այս անգամ հակամարտության պատճառով թիվն ավելացավ 77-ով: Այս  թիվն էլի կավելանա: Ցուցակները տրամադրվում են Գյումրու զինկոմիսարիատ կողմից»,-նշեց Գյումրու քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ Լենա Ջիլավյանը: Նախատեսված գումարը կազմում է ընդհանուր 10 մլն 95 հազար դրամ:

Ավագանին որոշեց նաև թվով 109 անձանց որպես դրամական օգնություն հատկացնել. Ընդհանուր գումարը կազմում է 1 միլիոն 160 000 դրամ: Նոր  որոշումով 50 հազարական դրամ գումար էլ կստանան ռազմական գործողություններին մասնակցած և մինչև  օրս փնտրվող  22 անապահով զինվորների ընտանիքները: Ավագանին կողմ քվեարկեց նաև  «Մհեր Մկրտչյանի թանգարան»-ին 350 հազար դրամ  նվիրատվություն հատկացնելու որոշման նախագծին: 

--0--ԿԿ