Այդ ի՞նչ մեխանիզմով է որոշվում՝ որն է ՀՀ ամենակարևոր մարզը. Խուդաթյանը՝ Մարուքյան

 

ԵՐԵՎԱՆԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Արմավիրի քաղաքապետ

Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը ֆեյսբուքյան իր էջում հարց է ուղղել ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանին՝ արձագանքելով երեկ խորհրդարանում նրա ելույթին:

«ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց տալիս ասում է հետևյալ միտքը, մեջբերում եմ բառացի. «Ձեր (վարչապետի) հրաժարականն են պահանջում ամենակարևոր մարզերի ամենակարևոր քաղաքների քաղաքապետերը, ավագանիները»: Մեջբերման ավարտը:

Որպես Արմավիրի քաղաքապետ՝ հարց ունեմ ԱԺ հարգելի պատգամավորին. պարոն Մարուքյան, այդ ի՞նչ մեխանիզմով է որոշվում՝ որն է Հայաստանի Հանրապետության ամենակարևոր մարզը, ամենակարևոր քաղաքը, և ինչո՞վ են, օրինակ, Ձեր կողմից ենթադրաբար հիշատակվող քաղաքները ավելի կարևոր Արմավիր քաղաքից:

Հ.Գ. Հարցի այլ մանրամասների մեջ չխորանալով՝ նշեմ, որ ինձ համար Հայաստանի Հանրապետության ամենակարևոր քաղաքը Արմավիրն է, իսկ Արմավիրի քաղաքապետի դիրքորոշումը Էդմոն Մարուքյանի բարձրացրած հարցի շուրջ հայտնի է բոլորին»,- գրել է նա:

--00--ԱԹ