Արցախում հացն ու սոխն էժանացել են, մի շարք ապրանքներ՝ թանկացել

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8,  24News 

հաց ու սոխ

Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է Ստեփանակերտում գործող առևտրային օբյեկտներում ապրանքատեսակների դիտարկման արդյունքները՝ դեկտեմբերի 7-ի դրությամբ:

«Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի ՏՄՊ բաժնի մասնագետների կողմից 2020թ. դեկտեմբերի 7-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման համեմատ, արձանագրվել է 13 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 11 գնաճ և 2 գնանկում:

Մասնավորապես միջին գնաճ արձանագրվել է, ձեթ 1լիտր` 109դրամ (15%), լոլիկ 1կգ՝ 50 դրամ (6,7%), վարունգ 1կգ՝ 50 դրամ (6,7%), շաքարավազ 1կգ՝ 7 դրամ (1,9%), թեյ 100 գրամ՝ 20 դրամ (2,8%), բենզին «Ռեգուլյար» 1լիտր` 10 դրամ (2,8%), ալյուր «Բաղրամյան» 1կգ՝ 6 դրամ (1,9%), բրինձ 1կգ՝ 6 դրամ (1,4%), ոսպ 1կգ՝ 11 դրամ (2%), ձու 1հատ` 1 դրամ (1,4%), սուրճ 100 գրամ` 20 դրամ (2.8%) ապրանքատեսակների համար:

Միջին գնանկում արձանագրվել է հաց 500 գրամ՝ 2 դրամ (1%) և սոխ 1կգ՝ 50 դրամ (20%) ապրանքատեսակների համար:

Գնային փոփոխություն արձանագրած ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ առկա են «Ձեթ»և «Բենզին» ապրանքային շուկաներում, որի գնային քաղաքականության հիմնավորվածությունը պարզելու նպատակով Հանձնաժողովը իրականացնում է ուսումնասիրություն»:

--00--ԱԹ